«Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթի մասնակցի սպանության մեջ մեղադրվողին ձերբակալել են Թուրքիայում. նա ընդունել է մեղքը
Աշխարհ
«Միսիս Ռուսաստան — Տիեզերք» մրցույթին մասնակցած կնոջ սպանության մեջ մեղադրվողը Մոսկվայի մարզ տեղափոխվելուց հետո խոստովանական ցուցմունքներ է տվել։ Նա քննիչին պատմել է հանցագործության հանգամանքների մասին, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Քննության տվյալներով՝ հուլիսին կնոջ հարազատները նրա անհետանալուց հետո դիմել են ոստիկանություն։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ վերջին մարդը, որի հետ նա կապ է պահպանել, եղել է նրա կենակիցը։
Քննիչները կարծում են, որ կնոջ անհետացումից հետո տղամարդը բազմիցս վերադարձել է բնակարան և փորձել թաքցնել հանցագործության հետքերը։ Որոնողական միջոցառումների ընթացքում զոհված կնոջ մարմնի մասերը հայտնաբերվել են անտառաշերտում։ Քննության վարկածով՝ դրանք այնտեղ տարել է մեղադրյալը։
Սպանությունից հետո տղամարդը մեկնել է արտերկիր, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Նրան ձերբակալել են Թուրքիայի տարածքում։ Նախօրեին Ստամբուլի միջազգային օդանավակայանում թուրք իրավապահները ձերբակալվածին հանձնել են ռուս ոստիկաններին։
Նրա ձերբակալման և Ռուսաստան վերադարձնելու գործողությանը մասնակցել են Ռուսաստանի ՆԳՆ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի և Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության աշխատակիցները՝ թուրք գործընկերների հետ համատեղ։
Տղամարդուն հեռակա մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Ռուսաստան տեղափոխվելուց հետո նա հարցաքննվել է և, ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, ընդունել է իր առնչությունը հանցագործությանը։
Քրեական գործով քննչական գործողությունները շարունակվում են։ Քննությունը զբաղվում է ապացույցների հավաքմամբ և ամրագրմամբ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը