Սիրիայում ձերբակալել են նախկին գեներալ-մայոր Ահմեդ Մոհամմադ Իսմայիլին, որը տապալված նախագահ Բաշար Ասադի օրոք բարձր պաշտոն էր զբաղեցնում երկրի Հանրապետական գվարդիայում, հաղորդում է AFP-ն։
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ նա ղեկավարել է ռազմական գործողություններ քաղաքացիական պատերազմի ընթացքում զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջանների դեմ։
Անվտանգության ուժերը հայտնել են Իսմայիլի ձերբակալության մասին՝ նրան անվանելով «նախկին գեներալ-մայոր և նախկին ռեժիմի բանակի Հանրապետական գվարդիայի բարձրաստիճան հրամանատար»։
Ռազմական տվյալների համաձայն, Իսմայիլը ծառայությունը սկսել է որպես դասակի հրամանատար, այնուհետև գլխավորել է 101-րդ օդադեսանտային գնդի 2-րդ գումարտակի վաշտը։ 2016 թվականի սկզբին նա դարձել է այդ ստորաբաժանման օպերատիվ կառավարման պետը։ Սիրիայի իշխանությունները պնդում են, որ Իսմայիլն անմիջականորեն մասնակցել է Հալեպում, Դարաայում և Արևելյան Ղուտայում ռազմական գործողությունների ղեկավարմանը։
Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արևելյան Ղուտան քաղաքացիական պատերազմի ընթացքում զինված ընդդիմության գլխավոր հենակետային շրջաններից մեկն էր։ 2018 թվականին կառավարական ուժերը լայնածավալ հարձակման արդյունքում վերահսկողություն հաստատեցին այս տարածքի նկատմամբ։
Արևելյան Ղուտան նաև դարձավ 2013 թվականի քիմիական հարձակման վայր։ Ամերիկյան հետախուզության տվյալներով, Դամասկոսի արվարձանում զարինի կիրառման հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ։ ԱՄՆ-ն հարձակման պատասխանատվությունը դրել էր Ասադի կառավարության վրա։
Ասադը տապալվեց 2024 թվականի վերջին և իր կառավարության անկումից հետո լքեց Սիրիան՝ ապաստանելով Ռուսաստանում։
Իսմայիլի ձերբակալությունը դարձավ նախկին սիրիական ռազմական ղեկավարության ներկայացուցիչների դեմ հերթական գործը։ Սեպտեմբերի սկզբին Սիրիայի իշխանությունները հայտնել էին ինը նախկին ռազմական օդաչուների, այդ թվում՝ երեք գեներալների, ձերբակալության մասին։ Նրանց մեղադրել էին Ասադի իշխանության օրոք քաղաքների և գյուղերի ռմբակոծություններին մասնակցելու մեջ։
Օգոստոսին Սիրիայի իշխանությունները հեռակա կարգով մահապատժի էին դատապարտել Բաշար Ասադին, նրա եղբայր Մահեր Ասադին և ուժային կառույցների ևս հինգ ներկայացուցիչների՝ «քաղաքացիական պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունների» մեղադրանքով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը