Թրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ Bloomberg
Հայաստան
Հայաստանի կառավարության և Nvidia-ի միջև համագործակցությունը կարող է Հայաստանը վերածել արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոնի։ Այս մասին, հղում անելով Firebird ստարտափին, գրում է Bloomberg-ը։
Հրազդանում անցյալ ամիս բացված տվյալների կենտրոնը, ըստ կանխատեսումների, մինչև 2027 թվականի վերջը կարող է հասնել 300 մեգավատ հզորության, իսկ տեղադրված Nvidia-ի առաջադեմ արհեստական բանականության չիպերի թիվը կգերազանցի 70 հազարը։ Bloomberg-ը կենտրոնը դիտարկում է որպես տարածաշրջանի և Եվրոպայի խոշորագույն հաշվողական կլաստերներից մեկը դառնալու հավակնող նախագիծ։
Կենտրոնի հաշվողական հզորության մոտ մեկ հինգերորդը նախատեսված է Հայաստանի ներքին օգտագործման համար՝ հետազոտական, պետական և Firebird-ի էկոհամակարգերի նպատակներով։ Մնացած հզորությունը նախատեսվում է տրամադրել արտասահմանյան ընկերություններին, այդ թվում՝ ամերիկյան Perplexity AI-ին։
Bloomberg-ը նշում է, որ Nvidia-ի չիպերի ներգրավվածությունը նախագծում դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արհեստական բանականության ոլորտում միջազգային համագործակցությունն ընդլայնելու քաղաքականության համատեքստում։ Ըստ հրապարակման՝ տվյալների կենտրոնը նաև դեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ապահովման գործում։
Հայաստանի և Nvidia-ի համագործակցությունը սկսվել է 2019 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ընկերության գրասենյակ Սանտա Կլարայում։ 2023 թվականին Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի՝ Հայաստան այցից հետո հիմք է դրվել Firebird-ի ստեղծմանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը