2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպում
Հասարակություն
2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղային հիվանդություններն ավելի հաճախ են ախտորոշվում, քան դիաբետ չունեցողների մոտ։ Հատկապես մեծ տարբերություն է արձանագրվել ճարպակալման հետ կապված քաղցկեղի տեսակների դեպքում։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Դիաբետի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի (EASD) ամենամյա համաժողովում։
Գիտնականներն ուսումնասիրել են Դանիայի չափահաս բնակչության տվյալները՝ ընդգրկելով 1996-2022 թվականները։ 27 տարվա ընթացքում 2-րդ տիպի դիաբետ ունեցող մարդկանց շրջանում արձանագրվել է քաղցկեղի առաջին ախտորոշման 75,5 հազար դեպք, իսկ դիաբետ չունեցողների շրջանում՝ ավելի քան 635 հազար։
2010-2022 թվականներին դիաբետ ունեցող տղամարդկանց շրջանում քաղցկեղի հիվանդացությունը 12%-ով ավելի բարձր է եղել, քան դիաբետ չունեցողների մոտ, իսկ կանանց դեպքում տարբերությունը կազմել է 22%։ Ճարպակալման հետ կապված քաղցկեղի տեսակները դիաբետ ունեցող տղամարդկանց շրջանում հանդիպել են 45%-ով, իսկ կանանց շրջանում՝ 30%-ով ավելի հաճախ։ Կոլոռեկտալ քաղցկեղի ցուցանիշը համապատասխանաբար բարձր է եղել 17 և 14%-ով, իսկ թոքերի քաղցկեղինը՝ 23 և 25%-ով։
Հետազոտողները, սակայն, ընդգծում են, որ ստացված տվյալները չեն ապացուցում, որ դիաբետն անմիջականորեն քաղցկեղ է առաջացնում։ Հայտնաբերված կապի վրա կարող են ազդել նաև ճարպակալումը, ֆիզիկական ակտիվության մակարդակը և այլ գործոններ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը