Պարտադիր պայմաններ. ուժեղացվել է «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների վերահսկողությունը
Հայաստան
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հորդորում է տրանսպորտային ծառայություններից օգտվելիս նախապատվությունը տալ բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսի ծառայություններին։
Տեսչական մարմնից հիշեցնում են, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։
Լիցենզավորված տրանսպորտային միջոցների համար պարտադիր պայմաններն են՝
- մինչև յոթ տարվա արտադրության,
- սպիտակ հիմնագույնի,
- գործարանային վառելիքային համակարգով շահագործվող,
- «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում,
- սակաչափիչ ունեցող ավտոմոբիլների շահագործումը։
Տեսչական մարմինը հորդորում է խուսափել օդանավակայանի տարածքում կամ հարակից հատվածներում պատահական անձանց կողմից առաջարկվող տաքսի ծառայություններից, քանի որ վերջիններիս գործունեությունը կարող է չհամապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
Ուղևորների անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի ապահովման նպատակով անհրաժեշտ է օգտվել միայն պաշտոնական կայանատեղից ուղևորափոխադրումներ իրականացնող և համապատասխան լիցենզիա ունեցող տաքսի ծառայություններից։
Տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակաբար իրականացնում է խստացված վերահսկողական գործառույթներ օդանավակայանի տարածքում լիցենզավորման պահանջների պահպանման նկատմամբ։
«Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից։
Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը