Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Աշխարհ
Աթենքի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով երկհարկանի շենք է փլուզվել․ զոհերի թիվը հասել է վեցի։ Շաբաթ օրը փրկարարները փլատակներից դուրս են բերել վերջին երկու անհետ կորածների մարմինները, հայտնում է Kathimerini-ն։
Ավելի վաղ փրկարարական թիմը հայտնաբերել էր ևս երեք դի․ տղամարդու մարմինը գտել էին առավոտյան 11-ի սահմաններում, իսկ կնոջն ու մյուս տղամարդունը՝ կեսօրից հետո։ Եվս մեկ կնոջ մարմին էլ հանել էին ուրբաթ լույս շաբաթ գիշերը։
Նախնական տվյալներով՝ բոլոր վեցն էլ պայթյունի պահին գտնվել են շենքում։ Զոհերից չորսն ամերիկացի զբոսաշրջիկներ են, որոնք վարձակալել էին առաջին հարկի բնակարանը։ Մյուս երկուսը երկրորդ հարկում ապրող տարեց ամուսիններն են՝ Մեծ Բրիտանիայի 78-ամյա քաղաքացին և նրա 77-ամյա հույն կինը։
Որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները գտել են անձնական իրերով կանացի պայուսակ, երկու անձնագիր և վարձակալության պայմանագիր։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ամերիկացի զբոսաշրջիկները նույն օրը՝ ժամը 15:30-ին, պետք է մեկնեին Delta Air Lines-ի չվերթով, սակայն այդպես էլ օդանավակայան չեն հասել։
Գործողությանն ուղարկվել էր 30 հրշեջ, վեց միավոր տեխնիկա, այդ թվում՝ երկու հատուկ փրկարարական մեքենա և երեք որոնողական շուն։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել առավոտյան 7:35-ի սահմաններում՝ Հունաստանի մայրաքաղաքի ամենահայտնի զբոսաշրջային անկյուններից մեկում՝ Պլակա թաղամասի Լիսիկրատոս 15 հասցեում։ Պայթյունի հարվածից շենքն իսպառ փլուզվել է։
Պատճառները դեռ պարզվում են, սակայն իրավապահները որպես հիմնական վարկած դիտարկում են բնական գազի արտահոսքը։
Հարևան շենքից փրկարարներին հաջողվել է դուրս բերել երկու կնոջ։ Ոստիկանության փոխանցմամբ՝ նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Տեղի բնակիչներից մեկի և ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ թեթև վնասվածքներ է ստացել նաև մի պատահական անցորդ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը