CSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումները
Հասարակություն
Կրոնական ազատության և մարդու արժանապատվության պաշտպանության ուղղությամբ գործող միջազգային քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպություն Christian Solidarity International-ը (CSI) քննադատել է Հայաստանի կառավարության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում առկա ճգնաժամի վերաբերյալ զեկույցը։
Կազմակերպությունը հայտարարել է, որ չի ընդունում զեկույցի եզրահանգումները և Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, իր գնահատմամբ, հետապնդումները և հարգել Եկեղեցու ինքնավարությունը։
CSI-ի գնահատմամբ՝ կառավարության զեկույցի հեղինակությունը, մեթոդաբանությունն ու դրա հիմքում ընկած մոտեցումները հարցեր են առաջացնում դրա եզրահանգումների վստահելիության վերաբերյալ։ Կազմակերպությունը պնդում է, որ զեկույցը հիմնված է հիմնականում բաց աղբյուրների՝ լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերի գրառումների և տեսանյութերի վրա և չի ներկայացնում բավարար առաջնային ապացույցներ։
Կազմակերպությունը նաև պնդում է, որ Կաթողիկոսի և հոգևորականների վերաբերյալ քրեական գործընթացների ֆոնին նման զեկույցի հրապարակումը կարող է ազդել արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի սկզբունքների վրա։
CSI-ն Հայաստանի կառավարությանը կոչ է արել հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին պաշտոնից հեռացնելու ծրագրից և չմիջամտել Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին։ Կազմակերպությունը միաժամանակ կոչ է արել Հայաստանի միջազգային գործընկերներին՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Եվրոպայի խորհրդին, արձագանքել իրավիճակին և հիշեցնել Հայաստանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների մասին։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը