ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»
Հասարակություն
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում։
ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության ու սննդի տրամադրման հարցերը, ինչպես նաև աշխատակազմի և շահառուների միջև հարաբերություններն ու նրանց իրավունքների պաշտպանության վիճակը։
Հաստատությունում արձանագրված խնդիրները հիմնականում համակարգային են։ Մասնավորապես՝ ոչ բավարար տարածքի պատճառով չեն պահպանվել բնակելի մակերեսին ներկայացվող պահանջները։ Ննջասենյակներում մահճակալները տեղադրված են եղել միմյանց շատ մոտ կամ իրար միացված, ինչի հետևանքով շահառուների համար չի ապահովվել անհրաժեշտ անձնական տարածք։
Խնդիրներ են արձանագրվել նաև սանհանգույցներում և լոգարաններում․ դրանց կառուցվածքային առանձնահատկությունները չեն ապահովել անձնական հիգիենան առանձնացված պայմաններում իրականացնելու համար անհրաժեշտ հնարավորությունները։
ՄԻՊ-ը նշել է նաև, որ հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանել համընդհանուր դիզայնի սկզբունքներին, իսկ որոշ դեպքերում անհրաժեշտ է ապահովել խելամիտ հարմարեցումներ։
Արձանագրված խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ։ Դրանց լուծմանն ուղղված առաջարկություններով փաստաթուղթը կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։
ՄԻՊ-ը միաժամանակ ընդգծել է շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման, կառուցվածքային բարեփոխումների և համակարգված մոտեցման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)