Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ
Աշխարհ
Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային երկխոսությունը կշարունակվի՝ անկախ երկու երկրների միջև քաղաքական տարաձայնություններից, քանի որ այն հիմնված է ժողովուրդների միջև կապերի վրա։ Այս մասին սեպտեմբերի 30-ին Երևանում լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
«Քանի դեռ գոյություն ունեն ռուս և հայ ժողովուրդները, այս երկխոսությունը գոյություն կունենա։ Ոչ ոք քաղաքական գործիչներին չի հարցնելու, հավատացեք ինձ»,- ասել է Շվիդկոյը։
Նրա խոսքով՝ մշակութային կապերը երկու երկրների միջև այնքան սերտ են, որ քաղաքական տարաձայնությունները չեն կարող դրանք խզել։
«Ժողովուրդների շփումն այնքան սերտորեն է միահյուսված, որ վստահ եմ՝ ոչ մի քաղաքական բախում, որքան էլ բարդ լինի, մեզ չի բաժանի»,- հայտարարել է նա։
Շվիդկոյը Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային փոխանակումն անվանել է «հոգուց հոգի ուղերձ»՝ ընդգծելով, որ նման միջոցառումների ազդեցությունը կարող է շատ ավելի երկարատև լինել, քան դրանց անցկացման ժամանակահատվածը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանում սպասում են հայ արտիստներին և մշակույթի գործիչներին ու հույս ունեն, որ այս տարի կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերը։
Շվիդկոյի խոսքով՝ երկու երկրների միջև մշակութային փոխանակումն իրականում շարունակական բնույթ ունի։
«Ինչպես Հայաստանում չեն ավարտվում ռուսական մշակույթի օրերը, այնպես էլ Ռուսաստանում չեն ավարտվում հայկական մշակույթի օրերը, որովհետև մենք մշտապես լսում ենք Խաչատրյանին, Բաբաջանյանին, դիտում Նալբանդյանի, Սարյանի գործերը, կարդում Սարոյանին և այլն»,- ասել է նա։
Հայաստանում մեկնարկել են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը, որոնք անցկացվում են Երևանում և Գյումրիում։ Միջոցառումների բացմանը մասնակցել է նաև Միխայիլ Շվիդկոյը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)