Ջարեդ Քուշները, որը կարևոր դեր է խաղում Գազայի պատերազմի շուրջ բանակցություններում, միաժամանակ մնում է ներդրումային ընկերության սեփականատեր, որը իսրայելական Phoenix Financial ֆինանսական խմբի խոշորագույն բաժնետերն է։

Ինչպես պարզել է CNN հեռուստաալիքը, Phoenix-ը հարյուրավոր միլիոնավոր դոլարներ է ներդրել իսրայելական սպառազինության արտադրող Elbit Systems-ում և առնվազն ևս ութ ընկերությունում, որոնք սարքավորումներ են մատակարարում իսրայելական բանակին։

Միևնույն ժամանակ Քուշների Affinity Partners-ն անմիջականորեն բաժնեմասեր չունի այս ինն ընկերություններում։ Ֆինանսական կապը անցնում է Phoenix-ի միջոցով․ իսրայելական խմբի շահույթը պոտենցիալ մեծացնում է Affinity-ին պատկանող դրա բաժնեմասի արժեքը։

CNN-ի տվյալներով՝ հուլիսին Affinity-ը վաճառել է Phoenix-ում իր բաժնեմասի մոտ մեկ քառորդը՝ ավելի քան 340 միլիոն դոլարով, ստանալով սկզբնական ներդրումներից ավելի քան հնգապատիկ եկամուտ։ Գործարքից հետո Քուշների ընկերությունը պահպանել է Phoenix-ի 7,4% բաժնետոմսերը, որոնց արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը, և մնացել է խմբի խոշորագույն բաժնետերը։

Phoenix-ը Elbit Systems-ի առնվազն 265 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր է տնօրինում։ Նրա պորտֆելի մյուս ընկերությունների թվում են ռազմական անօդաչուների համար տեսախցիկներ արտադրող Next Vision-ը, հրետանային արկերի համար էլեկտրոնային պայթուցիչներ արտադրող Reshef Technologies-ը, նավաշինական Israel Shipyards-ը և իսրայելական տանկերի համար բաղադրիչներ մատակարարող Ashot Ashkelon-ը։ Phoenix-ը նաև ներդրումներ է կատարել Boeing-ում և Caterpillar-ում, որոնց արտադրանքն օգտագործում են իսրայելական զինված ուժերը։

CNN-ը նշում է, որ հայտնաբերված բոլոր ինը ընկերությունների բաժնետոմսերը անցած տարի աճել են, իսկ դրանցից շատերը պահանջարկի աճը կապել են պատերազմի հետ։ Մասնավորապես, Elbit-ը հայտնել էր Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից պահանջարկի էական աճի մասին։

2025 թվականի գարնանից Քուշները դարձել է Դոնալդ Թրամփի վարչակազմի առավել նկատելի ներկայացուցիչներից մեկը Մերձավոր Արևելքի ուղղությամբ։ Նա խորհրդակցել է նախագահի հետ, մասնակցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններին և օգնել անցյալ տարվա հոկտեմբերին Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի կնքմանը։ Ավելի ուշ Քուշները ներկայացրել է Գազայի լայնածավալ վերակառուցման ծրագրեր, որոնք նախատեսում են զբոսաշրջային գոտու ստեղծում և մասնավոր ներդրումների ներգրավում։

Միևնույն ժամանակ Քուշներն աշխատում է ոչ թե որպես պետական պաշտոնյա, այլ որպես կամավոր բանագնաց։ CNN-ի տվյալներով՝ հենց այդ պատճառով նրա վրա կառավարության պաշտոնական ներկայացուցիչների համար գործող ֆինանսական ակտիվների բացահայտման պահանջները չեն տարածվում։

Ինքը՝ Քուշները, ավելի վաղ ասել էր, որ իր ներդրումային գործունեությունն ու դիվանագիտական աշխատանքը կարող են լրացնել միմյանց։ Նա հայտարարել էր նաև, որ բիզնեսի և տնտեսական կապերի զարգացումը դիտարկում է որպես Մերձավոր Արևելքում ավելի կայուն խաղաղություն հաստատելու գործիք։

Քուշների ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ նա երբեք չի մասնակցել Phoenix-ի ներդրումային որոշումների ընդունմանը և ցուցումներ չի տվել հետաքննությամբ բացահայտված ինը ընկերություններում ներդրումների վերաբերյալ։ Նրա ասելով՝ այն պնդումները, ըստ որոնց Քուշների դիվանագիտական գործունեությունն ազդել է Phoenix-ի ներդրումների վրա կամ հակառակը, սխալ են։

Միևնույն ժամանակ Քուշներն ավելի վաղ հայտարարել էր, որ Phoenix-ի ղեկավարության հետ «շատ ակտիվ երկխոսություն» է վարում և պարբերաբար հանդիպել է ընկերության մենեջերների հետ։ Նրա փաստաբանը CNN-ին հաստատել է, որ նման շփումներ իսկապես եղել են, թեև Քուշների դիվանագիտական գործունեության մեջ ավելի ակտիվ ներգրավվելուց հետո դրանք զգալիորեն կրճատվել են։

Ընդ որում CNN-ը չի հայտնաբերել ապացույցներ, որ Քուշների՝ որպես բանակցողի գործողություններն անմիջականորեն ազդել են Phoenix-ի ներդրումների վրա։ Սակայն պետական էթիկայի հարցերով փորձագետները առևտրային գործունեության և ոչ պաշտոնական դիվանագիտական դերի համատեղումը շահերի բախման պոտենցիալ աղբյուր են համարում։

Սպիտակ տունը մերժել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ Քուշների անձնական բիզնեսը կապված չէ նրա դիվանագիտական գործունեության հետ, որը նա կամավոր հիմունքներով վարում է նախագահի խնդրանքով։