Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
Աշխարհ
Իրկուտսկի մարզում հայտնաբերել և հոսպիտալացրել են 189 մարդու՝ ժանտախտով վարակվելու կասկածանքով, հաղորդել է «РЕН ТВ»-ի աղբյուրը։ Նրա տվյալներով՝ նրանք բոլորը շփվել են մի աղջկա հետ, որը նախօրեին մահացել էր այդ հիվանդությունից։ Մարդկանց տեղավորել են երկու հիվանդանոցում, 12 հոգու ուղարկել են հակաժանտախտային ինստիտուտ՝ հսկողության համար։ Նրանց մի մասի մոտ կան հիվանդության ախտանիշներ, սակայն վարակը դեռ չի հաստատվել։ Ստուգում իրականացնելու համար նաև պարզվում են այն անձինք, որոնք վերջին շրջանում հանդիպել են հոսպիտալացվածների հետ, հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը։
Mash-ի տվյալներով՝ թոքային ժանտախտի զոհ է դարձել հակաժանտախտային ինստիտուտի 27-ամյա աշխատակցուհին։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա վերադարձել էր Բուրյաթիա գործուղումից, որտեղ Մոնղոլիայի սահմանի մոտ արձանագրվել էր ժանտախտի օջախ։ Մեկ այլ վարկածով՝ աղջիկը լաբորատորիայում պատահաբար կոտրել էր վտանգավոր բակտերիայով փորձանոթը, երբ ախտորոշման համար կենսանյութ էր հավաքում։ Սեպտեմբերի 29-ին նրան հոսպիտալացրել էին Շելեխովի հիվանդանոց՝ թոքաբորբի ախտանիշներով, և միացրել արհեստական շնչառության սարքին։ Սակայն երկու օր անց նա մահացել է։ Կլինիկայի բոլոր աշխատակիցները մեկուսացվել են, իսկ հաստատությունը փակվել է կարանտինի համար։
Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի հետ անցկացրել է սանիտարահամաճարակային հանձնաժողովի արտահերթ նիստ։ Նրա խոսքով՝ քննարկվել է տարածաշրջանի բնակչից մեկի՝ «առանձնապես վտանգավոր վարակով» վարակվելու մասին տեղեկատվությունը։ «Բոլոր հայտնաբերված շփվողները վերցվել են բժշկական հսկողության տակ։ Այս պահի դրությամբ նրանց մոտ հիվանդության որևէ նշան չկա, և լաբորատոր հետազոտությունների արդյունքները բացասական են», — նշել է Կոբզևը։
Ժանտախտը սուր վարակիչ հիվանդություն է, որն առաջացնում է Yersinia pestis բակտերիան։ Հիվանդության հիմնական ձևերն են բոժոժային, թոքային և սեպտիկ ձևերը։ Ամենից հաճախ մարդը վարակվում է կրծողների վրա եղած վարակված լվերի խայթոցներից։ Թոքային ձևը կարող է փոխանցվել մարդուց մարդուն շնչուղիներով։
Ռուսաստանում ժանտախտի վերջին գրանցված դեպքը եղել է 2016 թվականին Ալթայում․ այն ժամանակ հիվանդացել էր 10-ամյա մի տղա, որը մորթազերծում էր արջամկան դիակը և վարակվել էր վնասված մաշկի միջոցով։ Ժամանակին ցուցաբերված բուժման շնորհիվ տղան փրկվել է։ Ժանտախտի բնական օջախները պահպանվում են Մոնղոլիայում։ 2023 թվականին Մոնղոլիայի զոոնոզային վարակների ուսումնասիրման ազգային կենտրոնը երկրի 17 տարածաշրջաններում հայտնաբերել էր 137 նման օջախ, այդ թվում՝ Ռուսաստանի սահմանին մոտ շրջաններում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ