«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել
Հասարակություն
Արագածոտնի թեմի հոգևորականները համախմբվել են Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցում՝ միասնական աղոթքով Տիրոջից հայցելու ողորմություն և օրհնություն։
Սուրբ Խորանի առջև հոգևորականները աղոթք են բարձրացրել թեմակալ առաջնորդի՝ հավատավոր հոտի կողքին վերադառնալու, հայրենիքի խաղաղության, Հայ Եկեղեցու անսասանության և հոգևոր դասի զորացման, ինչպես նաև գերյալների ազատության և համայն հայության խաղաղ ու ապահով կյանքի համար։
Օրվա հոգևոր պատգամը փոխանցել է Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը։ Նա իր խոսքում նշել է, որ անկախ փորձություններից ու դժվարություններից՝ Եկեղեցին պետք է մնա հաստատուն։
«Որքան էլ լինեն փորձություններ, դժվարություններ և հալածանքներ, Եկեղեցին կա՛։ Եվ ինչո՞ւ։ Որովհետև նրա հիմքը Աստված է»,- ասել է հոգևորականը՝ ընդգծելով Աստծուն և Սուրբ Եկեղեցուն հավատարիմ մնալու կարևորությունը։
Միասնական աղոթքն ավարտվել է Պահպանիչ աղոթքով և Հայրապետական մաղթերգով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ