Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին
Աշխարհ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Գերմանական միասնության օրը զգուշացրել է ծայրահեղական և պոպուլիստական ուժերից բխող՝ ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին և կառավարությանը կոչ արել վարել հետևողական քաղաքականություն ներքին և արտաքին մարտահրավերների պայմաններում։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 3-ին Բրեմենում Գերմանիայի վերամիավորման 36-րդ տարեդարձին նվիրված կենտրոնական արարողության ժամանակ, հայտնել է DW-ն։
Շթայնմայերը դիմել է իշխող՝ ՔԴՄ/ՔՍՄ և ՍԴԿԿ կոալիցիային, կոչ անելով պահպանել «կշռադատված, հետևողական, պրոֆեսիոնալ և կայուն ուղեգիծը»։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է հասարակությունում աճող անորոշության տնտեսական և սոցիալական պատճառները վերացնելու համար։
Նախագահը նաև զգուշացրել է արտաքին ազդեցության մասին։ Նա գերմանական ժողովրդավարության սպառնալիքների աղբյուրների թվում նշել է Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ նշելով ԱՄՆ-ում աջ պոպուլիստական ուժերի կողմից հակաժողովրդավարական գաղափարների տարածումը։
Շթայնմայերի խոսքով՝ Գերմանիայի ներկայիս իրավիճակը տարբերվում է նախորդ տասնամյակների ճգնաժամերից։ Մասնավորապես, նա նշել է Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի, էներգամատակարարման սպառնալիքները, ԱՄՆ-ի հետ առևտրային հակամարտությունները, Չինաստանում պետության կողմից սուբսիդավորվող արտադրական հզորությունների ավելցուկը և ծովային երթուղիների աշխատանքի խափանումները։
Նախագահը կոչ է արել Գերմանիային շարունակել աջակցությունն Ուկրաինային։ «Մենք պետք է հաստատակամորեն և հետևողականորեն աջակցենք Ուկրաինային նրա պաշտպանական պայքարում», — հայտարարել է նա։ Միաժամանակ, Շթայնմայերն ընդգծել է Եվրոպայում խաղաղության և անվտանգության ապագա պայմանների ձևավորման վրա Գերմանիայի քաղաքական ազդեցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։
Նա նաև ողջունել է բունդեսվերի հզորացումը՝ նշելով ռազմական հզորությունը դիվանագիտության հետ համադրելու անհրաժեշտությունը։
Տոնակատարությունների շրջանակում Բրեմենում անցկացվել է էկումենիկ պատարագ՝ Շթայնմայերի, Բունդեսթագի նախագահ Յուլիա Քլյոքների և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մասնակցությամբ։
Գերմանական միասնության օրը նշվում է հոկտեմբերի 3-ին․ 1990 թվականի այդ օրը տեղի ունեցավ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության միավորումը, որը վերջ դրեց Գերմանիայի բաժանման չորս տասնամյակներին։ Այս տարի Բրեմենը, որը նախագահում է Բունդեսրատում, ընդունում է պաշտոնական եռօրյա միջոցառումները։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ քաղաքում անցկացվող տոնական միջոցառումներին կմասնակցի ավելի քան 400 հազար մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ