Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ
Աշխարհ
Կիրակի առավոտյան Իտալիայում՝ Գարդա լճի ափին գտնվող Պեսկիերա-դել-Գարդա համայնքի Bella Italia ճամբարում, խոշոր հրդեհ է տեղի ունեցել, հայտնում է ճամբարի վարչակազմը։
Արդյունքում տուժել է 24 մարդ․ նրանց տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել, ոմանք հոսպիտալացվել են։
Տուժածներից մեկը ստացել է ոտքերի ծանր այրվածքներ։ Մեծ մասը օգնության է դիմել շմոլ գազից թունավորման պատճառով։ Յոթ մարդ, այդ թվում՝ Շվեյցարիայից երեք երեխա ունեցող մի ընտանիք, տեղափոխվել է շտապ օգնության բաժանմունք։
Հրդեհը սկսվել է առավոտյան մոտ ժամը վեցին, երբ դեռ մութ էր։ Նախնական տվյալներով, կրակը բռնկվել է բունգալոներից մեկում, սակայն հրդեհի պատճառը դեռևս չի պարզվել։
Կրակը արագ հաջողվել է վերահսկողության տակ վերցնել։ Մարման աշխատանքները բարդացել են ճամբարի տարածքում հեղուկացված գազի բալոնների և ավտոմեքենաների առկայության պատճառով։ Իտալացի հրշեջների տվյալներով, գործողության ընթացքում պայթյուն է տեղի ունեցել։
Կրակը վնասել է մոտ 20 շարժական տնակ։ Տեղում աշխատել են մոտ 20 հրշեջ՝ հինգ մեքենայով, ինչպես նաև շտապ օգնության մի քանի բրիգադ։
Ճամբարը բաց էր, և հրդեհի պահին այնտեղ հանգստացողներ կային։ Իտալական ծառայությունները շարունակում են պարզել դեպքի հանգամանքներն ու հրդեհի պատճառը։


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ