Վենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպին
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայում գտնվող Ֆեյրֆորդ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպին։
«Մենք որոշակի վստահությամբ կարծում ենք, որ իրանցիները… Գիտեք, նրանք փորձում են անել այն, ինչով Իրանի պետությունը զբաղվում է արդեն 49 տարի։ Այսինքն՝ ահաբեկչական գործողություններ է իրականացնում Միացյալ Նահանգների և բազմաթիվ այլ մարդկանց դեմ»,– հայտարարել է ԱՄՆ վարչակազմի փոխնախագահը՝ մեկնաբանելով Ֆեյրֆորդի բազայում տեղի ունեցած միջադեպը։
Միաժամանակ Վենսը փաստացի ընդունել է, որ ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչների դուրսբերումը Ֆեյրֆորդի բազայից տեղի է ունեցել այնտեղ տեղի ունեցածի ֆոնին, ինչը հակասում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ավելի վաղ արած հայտարարությանը։
«Նախազգուշական նկատառումներով։ Մեր տղաներին պաշտպանելու փորձի շրջանակում»,– ասել է Վենսը՝ նկատի ունենալով ինքնաթիռների վերադարձը Միացյալ Նահանգներ։ Պենտագոնը հոկտեմբերի 4-ին հաստատել է, որ Ֆեյրֆորդի բազայում գտնվող բոլոր B-1 ռմբակոծիչները վերադարձվել են ԱՄՆ։
Բացի այդ, փոխնախագահը նշել է, որ Վաշինգտոնը տվյալներ չունի, որոնք կարող են մատնանշել Իրանի առնչությունը օրեր առաջ Flydubai ավիաընկերության չվերթում տեղի ունեցած միջադեպին։
Սեպտեմբերի 27-ին Անգլիայի արևմուտքում՝ Գլոսթերշիր կոմսությունում գտնվող Ֆեյրֆորդ ավիաբազայի շրջակայքում, ձերբակալվել է 23-ից 25 տարեկան հինգ մարդ, որոնք բոլորը Լոնդոնի բնակիչներ են։ Հաջորդ օրը նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել, թեև սկզբում նրանց կասկածում էին պայթուցիկ նյութերի և ահաբեկչության մասին օրենքները խախտելու մեջ։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ նրանց ֆուրգոններում պայթուցիկ նյութեր չի հայտնաբերել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը