ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. Ժողովուրդ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօրվանից՝ հոկտեմբերի 6-ից մեկնարկող ԱԺ հերթական նիստերը խոստանում են շատ թեժ լինել։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ են դրել ամեն գնով ԱԺ-ում ստեղծել եկեղեցու հետ կապված քննիչ հանձնաժողովը ու այդ հանձնաժողովի միջոցով եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» անել ու դրանք հրապարակել։
Նշենք, որ ԱԺ օրակարգում ընդգրկվել է ընդամենը երկու նախագիծ։
Առաջինը կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է։ Դրանով նախատեսվում է օրենքում լրացում կատարել՝ հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու վերաբերյալ։ Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Այս հարցն այսօր արդեն քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն։
Երկրորդ և առավել ուշագրավ հարցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա հետևանքով հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծն է։
ԱԺ նախագահի հայտարարության համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովն արդեն իրավունքի ուժով ստեղծված է՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։ Այժմ խորհրդարանը պետք է որոշի դրա անդամների թիվը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի հեղինակները 39 ՔՊ-ական պատգամավորներն են։
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյան, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյան, Ալխաս Ղազարյան, Արայիկ Հարությունյան, Արման Եղոյան, Հասմիկ Հակոբյան, Սիսակ Գաբրիելյան, Նազելի Բաղդասարյան, Բաբկեն Թունյան, Հակոբ Սիմիդյան, Տաթևիկ Գասպարյան, Լևոն Լևոնյան, Գարիկ Սարգսյան, Վահե Ղալումյան, Արաքսյա Վարդանյան, Լուսինե Բադալյան, Քնարիկ Հարությունյան, Սարիկ Մինասյան, Նարեկ Գրիգորյան, Սերգեյ Բագրատյան, Սարգիս Խանդանյան, Ծովինար Վարդանյան, Նատալյա Սինորյան, Լյուդվիգ Գյուլնազարյան, Սուրեն Հովհաննիսյան, Տրդատ Սարգսյան, Սյուզաննա Սայադյան, Նարեկ Ղահրամանյան, Ռուզաննա Երեմյան, Տարոն Չախոյան, Նարեկ Բաբայան, Նելլի Բավեյան, Ահարոն Սահակյան, Վոլոդյա Հակոբյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Գալստյան, Լուսինե Ավետիսյան, Ռոման Համբարձումյան, Ալեքսեյ Սանդիկովը։
ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի նպատակն, ըստ նախագծի՝
Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով առաջացած, իշխանության ձևակերպմամբ, «ճգնաժամը»,
Հոգևորականների բարեվարքության, խախտումների և պատժելիության դեպքերը,
Եկեղեցու թեմերում, կառույցներում և Մայր Աթոռի ստորաբաժանումներում ֆինանսական տեղեկատվության թափանցիկության և հարկային պարտավորությունների հարցերը,
Եկեղեցու ինքնակառավարման համակարգում Ազգային-եկեղեցական ժողովների, Եպիսկոպոսաց և Եկեղեցական ներկայացուցիչների ժողովների պատշաճ գումարման հարցերը,
Եկեղեցու կողմից տիրապետվող կամ տնօրինվող գույքի իրավական կարգավիճակը,
Եկեղեցու և պետական իշխանության տարածքային ու բարեփոխումների քաղաքականության հետ կապված հարցերը,
ինչպես նաև Հայաստանում գործող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Նահանջիկ» կառույցի հետ կապված խնդիրները։
ArmLur.am-ի հրապարակման համաձայն՝ քննիչ հանձնաժողովը նախատեսվում է ձևավորել 11 անդամից՝ 7 ՔՊ-ական և 4 ընդդիմադիր պատգամավորից, իսկ հանձնաժողովը կգլխավորի ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։
Նախատեսվում է նաև, որ հանձնաժողովը կկարողանա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պահանջել համապատասխան անձանցից գրավոր ու բանավոր հայտարարություններ։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը նախատեսվում է մինչև վեց ամիս։
Սա, իհարկե, իշխանությունների գլխավոր նպատակն է լինելու ԱԺ առաջիկա քառօրյանում։ Իսկ ընդդիմադիրներն էլ, ըստ մեր տեղեկությունների, հաշտ չեն լինելու այս հանձնաժողովի ստեղծման հետ կապված։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրները նպատակ ունեն շատ կոշտ արձագանքել այս հանձնաժողովի ձևավորմանը։ Նշենք, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ հրաժարվել են ՔՊ-ի ստեղծած հանձնաժողովում աշխատել»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը