Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին
Աշխարհ
Ռուսաստանը ԱՄՆ-ին տեղեկատվություն է փոխանցում Իրկուտսկի մարզում անհայտ ծագման թոքաբորբի արձանագրված դեպքի վերաբերյալ։ Այս մասին հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
«Նրանք որոշակի տեղեկություններ փոխանցում են մեր մասնագետներին։ Մենք ակնկալում ենք, որ նրանք ավելի շատ տեղեկություններ կփոխանցեն մեր մասնագետներին», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից տեղեկություններ ստացվում են նշված դեպքի վերաբերյալ։
Թրամփը հայտնել է, որ քիչ առաջ հանդիպել է առողջապահության ոլորտի ամերիկացի մասնագետների հետ։ «Նրանք տեղյակ են այն ամենից, ինչ տեղի է ունենում։ Եվ ամբողջ այս տեղեկատվությունը փոխանցվում է նրանց միջոցով», – հավելել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հայտնել էր, որ Իրկուտսկի մարզի բնակչության համար համաճարակաբանական ռիսկեր չկան։ Գերատեսչությունը նաև նշել էր, որ կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման ստուգումն ավարտվել է, իսկ հարուցիչների հետ աշխատանքի ընթացքում արտակարգ իրավիճակներ չեն արձանագրվել։
Կիրակի օրը «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակաբանական իրավիճակը կայուն է։ Գերատեսչության տվյալներով՝ Սիբիրի և Հեռավոր Արևելքի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մոտ հայտնաբերվել էր անհայտ ծագման թոքաբորբ, ինչի կապակցությամբ իրականացվել է հատուկ միջոցառումների համալիր։
Ընդլայնված հետազոտությունների արդյունքներով՝ հիվանդից վերցված նմուշում նրա մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը