Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա Մեծ Բրիտանիա-ԵՄ գագաթնաժողովում Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հասնել, հայտնում է The Guardian-ը։
Նա նշել, է, որ Լոնդոնը ցանկանում է ամրապնդել հարաբերությունները Եվրոպայի հետ, դրանց թվում՝ տնտեսության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում։
Դրա մասին Բերնեմը հայտարարել է Բեռլին այցի ընթացքում, որտեղ հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել նոյեմբերի վերջում նախատեսված Մեծ Բրիտանիա-ԵՄ գագաթնաժողովի նախօրեին։
«Ես խորապես հանձնառու եմ Եվրամիության հետ ավելի խոր համագործակցության հասնել, ասել է բրիտանացի վարչապետը։ Ըստ նրա՝ Լոնդոնը կցանկանար ուսումնասիրել Եվրոպայի հետ հետագա մերձեցման հնարավորությունները՝ առաջին հերթին տնտեսական աճի շահերից և անօրինական միգրացիայի խնդրի շուրջ համատեղ աշխատանքի համար։
2020 թվականին Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո Լոնդոնի և Բրյուսելի միջև հարաբերությունները շարունակում են մնալ բրիտանական արտաքին և տնտեսական քաղաքականության առանցքային հարցերից մեկը։ Բերնեմն ավելի վաղ հայտարարել էր Եվրամիության հետ հարաբերությունների վերանայման անհրաժեշտության մասին և չէր բացառել եվրոպական միավորման հետ հետագա մերձեցումը։
Մերցի հետ հանդիպմանը բրիտանացի վարչապետը խոսել է նաև երկկողմ կապերի զարգացման մասին։ Մասնավորապես, նա նախատեսում էր հանդիպել գերմանական բիզնեսի ներկայացուցիչների հետ և հույս էր հայտնել հաջորդ տարի նրանց ընդունել Մեծ Բրիտանիայում՝ գերմանական կառավարության անդամների հետ միասին։
Բերնեմը հայտարարել է, որ այդ կերպ կցանկանար ցույց տալ, թե երկու երկրների միջև կնքված բարեկամության և երկկողմ համագործակցության մասին պայմանագիրը պարզապես խորհրդանշական փաստաթուղթ չէ, որը կմնա «դարակում», այլ գործնական փոխգործակցության հիմք է։
Մեծ Բրիտանիան և Գերմանիան հինգշաբթի հայտարարել են նաև նոր գործընկերության մասին՝ կիբերհարձակումներին, դիվերսիաներին և այլ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։
Բերնեմի Բեռլին այցի ընթացքում Մեծ Բրիտանիան և Գերմանիան միաժամանակ փոխանակել են բարեկամության և երկկողմ համագործակցության մասին պայմանագրի՝ Քենսինգթոնի պայմանագիր անունով հայտնի փաստաթղթի վավերացման գրերը։ Փաստաթուղթը կոչված է խորացնելու երկու երկրների համագործակցությունը տնտեսության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը