Milliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծել
Աշխարհ
Թուրքիան Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկ է ներկայացրել Սև ծովում ռազմական գործողությունների մորատորիում սահմանելու և նավարկության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Այս առաջարկը նախատեսում է քաղաքացիական նավերի համար առանձին երթուղիներ, գրում է Milliyet թերթը։
Հրատարակության տվյալներով՝ Անկարան առաջարկում է ուկրաինական նավերի համար բացել անվտանգության միջանցք դեպի Բոսֆորի նեղուց՝ Ռումինիայի և Բուլղարիայի ափերի երկայնքով, իսկ ռուսական նավերի համար՝ Վրաստանի և Թուրքիայի ափերի երկայնքով։
Ռազմական գործողությունների մորատորիում սահմանող փաստաթղթի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են։ Համաձայնության հասնելու դեպքում կարող է ստորագրվել 2022 թվականին Ստամբուլում կնքված հացահատիկի համաձայնագրի նման, բայց բոլոր առևտրային նավերը ներառող համաձայնագիր, որը կպարտավորեցնի հակամարտության կողմերին դադարեցնել քաղաքացիական նավերի վրա հարձակումները, պնդում է հրատարակությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ Անկարան ակտիվացրել է հացահատիկի միջանցքը վերականգնելու ջանքերը՝ հետևելով Ստամբուլի համաձայնագրերի օրինակին։ Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում թուրք առաջնորդը նշել է, որ Սև ծովում նավարկության անվտանգության ապահովումը գերակա նշանակություն ունի և ընդգծել է, որ Թուրքիան միշտ պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապեր հաստատելու ջանքերին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը