Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան և Նյու Ջերսիի նախկին դաշնային դատախազ Ալենա Հաբբան ամուսնացել է թուրք գործարար Թուրհան Միլդոնի հետ։ Ինչպես գրում է Forbes-ը, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքի Waldorf Astoria հյուրանոցում։ Զույգին առաջին անգամ միասին հանրության առաջ նկատել էին ապրիլին՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ։
29-ամյա Միլդոնը ղեկավարում է Miller Holding թուրքական ներդրումային ընկերությունը, որը հիմնադրել է նրա պապը 1967 թվականին։ Ընկերությունը և դրա դուստր ձեռնարկությունները գործում են շինարարության, ցեմենտի արտադրության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում։ Միլդոնը խոշոր ծրագրեր է իրականացրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Վենեսուելայում։
Forbes Turkey-ի տվյալներով՝ Miller Holding-ի և դրա հետ փոխկապակցված ընկերությունների տարեկան ընդհանուր շրջանառությունը 2025 թվականին կազմել է շուրջ 2,6 միլիարդ դոլար։ Սակայն ընկերությունները մասնավոր են, իսկ Միլդոնը չի ներկայացրել իր անձնական ֆինանսական տվյալները, ուստի նրա կարողության ճշգրիտ չափը հայտնի չէ։ Չնայած որոշ լրատվամիջոցներ նրան ներկայացրել են որպես միլիարդատեր՝ Forbes-ը նման գնահատական չի հրապարակել։
Միլդոնի բիզնես գործունեությունը քննադատությունների և ստուգումների առիթ է դարձել։ Լրատվամիջոցները գրել են Կոնգոյում մաքսային վճարների արտոնությունների, չվճարված պարտավորությունների և Վենեսուելայում ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող պաշտոնյաների հետ գործարար կապերի վերաբերյալ մեղադրանքների մասին։ Գործարարը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները՝ դրանք որակելով որպես կեղծ տեղեկություններ կամ խոշոր բիզնես գործարքներին բնորոշ խնդիրներ։
Հաբբան հայտնի դարձավ 2021 թվականին՝ միանալով Թրամփի իրավաբանական թիմին և ներկայացնելով նրան մի շարք դատական գործերում։ 2025 թվականի մարտին Թրամփը նրան նշանակեց Նյու Ջերսիի դաշնային դատախազի պաշտոնում։ Սակայն դատական վեճերից և նրա նշանակման օրինականության վերաբերյալ դատարանների որոշումներից հետո Հաբբան հրաժարական տվեց։
Forbes-ի հրապարակման համաձայն՝ Հաբբան Միլդոնի երրորդ կինն է։ Նա նախկինում ամուսնացած է եղել փաստաբան Մեթյու Այեթի և ավտոկայանատեղիների բիզնեսով զբաղվող Գրեգ Ռուբենի հետ և ունի երկու երեխա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը