Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Աշխարհ
57-ամյա Կառլ Բուշբին ավարտել է իր անհավանական ճանապարհորդությունը, որը սկսել էր 1998 թվականի նոյեմբերին՝ Չիլիի հարավից։ 28 տարվա ընթացքում նա անցել է ավելի քան 50 հազար կիլոմետր և հատել 29 երկիր՝ Մեծ Բրիտանիա հասնելով բացառապես ոտքով կամ լողալով։
Վերջին խոչընդոտը Լա Մանշ նեղուցն էր։ Հոկտեմբերի 5-ին՝ երկուշաբթի օրը, Բուշբին Ֆրանսիայից լողալով հասել է Անգլիայի ափ՝ Դովերի մոտ։ Նեղուցն անցնելը տևել է շուրջ 20 ժամ՝ երեք օրվա ընթացքում։ Ափին նրան դիմավորել են հայրը, եղբայրներն ու ընկերները։ Ճանապարհորդի վերադարձին հետևել է նաև գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգը, որը նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում։
Նախկին դեսանտային Բուշբին ճանապարհ է ընկել՝ սահմանելով երկու կանոն․ ճանապարհն անցնելու համար տրանսպորտ չօգտագործել և տուն չվերադառնալ, մինչև սեփական ուժերով չհասնի այնտեղ։ Իր ամբողջ իրերը նա տեղափոխել է «Գազան» մականունով սայլակով։
Ճանապարհորդությունը շատ ավելի երկար է տևել, քան նա նախատեսել էր։ Վիզաների հետ կապված խնդիրները, 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և կորոնավիրուսի համավարակը Բուշբիից ընդհանուր առմամբ շուրջ 14 տարի են խլել։ Օրինակ՝ Բերինգի նեղուցով Ալյասկայից Ռուսաստան անցնելուց հետո ռուսական իշխանությունները երկար ժամանակ նրան վիզա չեն տրամադրել։
Այնուամենայնիվ, ճանապարհորդությունը դեռ ամբողջությամբ ավարտված չէ․ Անգլիայի հյուսիսում գտնվող իր հայրենի Հալ քաղաք հասնելու համար Բուշբին դեռ պետք է անցնի մոտ 400 կիլոմետր։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը