Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում
Աշխարհ
Հունաստանի ափերի մոտ փրկել են Սալվադորի 44-ամյա քաղաքացուհու, որը ծովային զբոսանավից ընկնելուց հետո գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում, հաղորդում է Kathimerini-ն։
Կնոջը հայտնաբերել են հունական Զակինթոս կղզուց մոտ 130 կիլոմետր հարավարևմուտք՝ փրկարարական բաճկոնի վրա առկայծող ազդանշանային լույսի շնորհիվ։
Ինչպես կիրակի հայտնել է Հունաստանի առափնյա պահպանությունը, կնոջը նկատել է բեռնանավի անձնակազմը, որը մասնակցում էր լայնածավալ որոնողափրկարարական գործողությանը։ Դա տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան՝ ուղևորուհու ջրում հայտնվելուց գրեթե մեկ օր անց։
Կինը գտնվել է Զակինթոսից մոտ 70 ծովային մղոն հարավարևմուտք՝ Իոնիական ծովում։ Առափնյա պահպանության տվյալներով, նրան փրկարարական նավի վրա բարձրացնելիս նա գիտակցության մեջ է եղել։ Գերատեսչության աշխատակիցները նրան առաջին օգնություն են ցուցաբերել, որից հետո տեղափոխել են Պելոպոնես թերակղզու արևմուտքում գտնվող Կատակոլո նավահանգիստ։
Այնտեղից տուժածին ուղարկել են Պիրգոս քաղաքի հիվանդանոց՝ բժշկական հսկողության և հետազոտության համար։
Թե ինչ հանգամանքներում է կինը ընկել նավից, առայժմ չի հաղորդվում։ Անհայտ է նաև, թե ինչպես է նա հայտնվել փրկարարական բաճկոնով։ Հունական իշխանությունների տվյալներով, միջադեպի մասին ահազանգը ստացվել է ուրբաթ վաղ առավոտյան. ուղևորուհին ծովն է ընկել Բահամյան կղզիների դրոշի ներքո ընթացող զբոսաշրջանավից, որը գտնվել է Զակինթոսից մոտ 72 ծովային մղոն հարավարևմուտք։
Կնոջ որոնումների համար ներգրավել են առափնյա պահպանության երկու մոտորանավ, Հունաստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռ և դեպքի վայրի շրջանում գտնվող առևտրային նավեր։
Փրկարարական բաճկոնի ազդանշանային լույսը վճռորոշ դեր է խաղացել բաց ծովում կնոջ հայտնաբերման գործում։ Նրա նավից ընկնելու մանրամասներն ու այն հանգամանքները, որոնք նրան հնարավորություն են տվել գրեթե մեկ օր մնալ ջրում, դեռ պետք է պարզվեն։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը