Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ
Աշխարհ
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան ստորագրել են միջազգային բազմամոդալ CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ վեցակողմ նոր արձանագրություն։ Համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 7-8-ը Տաշքենդում կայացած երկաթուղային վարչությունների ղեկավարների հանդիպման արդյունքում։
Փաստաթղթի նպատակն է բարձրացնել Ասիա–Եվրոպա ուղղությամբ բեռնափոխադրումների մրցունակությունը՝ ավելացնելով բեռնահոսքերը, բարելավելով սակագնային քաղաքականությունը և կրճատելով լոգիստիկ ուշացումները։ Կողմերը պայմանավորվել են հատուկ ուշադրություն դարձնել սառնարանային բեռնարկղերով փոխադրումներին, համապատասխան երկաթուղային հարթակների կանոնավոր տրամադրմանը և նավահանգիստներում բեռնարկղերի պարապուրդի ժամանակի կրճատմանը։
CASCA+ միջանցքը գործարկվել է 2019 թվականին՝ Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Թուրքիան կապելու, ինչպես նաև դեպի եվրոպական շուկա ելք ապահովելու նպատակով։ Ուզբեկստանի պաշտոնական տվյալներով՝ 2024 թվականին այս երթուղով երկրի արտահանման և ներմուծման բեռնափոխադրումների ծավալը հասել է 1 միլիոն տոննայի՝ 2019 թվականի համեմատ աճելով մոտ հինգ անգամ։
Միջանցքի հետագա զարգացման հիմնական մարտահրավերներից մեկը ենթակառուցվածքների թողունակությունն է։ Չինաստան–Ղրղզստան–Ուզբեկստան երկաթուղու ավարտից հետո CASCA+ երթուղով բեռնափոխադրումների ծավալը կարող է զգալիորեն աճել՝ մեծացնելով նավահանգիստների, երկաթուղային հանգույցների և տերմինալների արդիականացման անհրաժեշտությունը։
Նոր արձանագրությունը Կենտրոնական Ասիայի երկրներին լրացուցիչ հնարավորություններ է տալիս Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով դեպի եվրոպական շուկաներ դուրս գալու համար։ Իսկ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կարող են ամրապնդել իրենց տարանցիկ դերը՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող երթուղիներում։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը