Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով
Աշխարհ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների շուրջ դժգոհություններն ուղեկցվել են բողոքի ակցիաներով, ձերբակալություններով և հրկիզման փորձերի մասին հաղորդումներով։
Տեղեկությունների համաձայն՝ 37 մարդ պատասխանատվության է ենթարկվել, սակայն Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը չի բնութագրել որպես փողոցային բողոքի ցույցեր՝ պնդելով, որ մասնակիցները կոնֆլիկտների մեջ են մտել դպրոցների աշխատակիցների հետ, վնասել գույքը և խոչընդոտել տրանսպորտի երթևեկությանը։
Բողոքի մասնակիցներն ու ականատեսները, մինչդեռ, պնդել են, որ կոշտ ձերբակալությունները տեղի են ունեցել հենց դպրոցներում աշակերտներին դասարաններ մուտք գործելու արգելքի դեմ ելույթների ժամանակ։ Հասարակական դժգոհության պատճառներից է նաև ուսուցիչների աշխատանքից ազատումը։ Մեծ արձագանք է ստացել Բաքվի թիվ 90 դպրոցի աշակերտուհիների՝ իրենց փոխված ուսուցչուհու հետ հրաժեշտի տեսանյութը։
Լարվածության ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել նաև դպրոցների հետ կապված հրկիզման երկու փորձի մասին։ Դրանցից մեկի թիրախը, ըստ հաղորդումների, եղել է դպրոցի ղեկավարության մեքենան։ Միջադեպը տեղի է ունեցել երեխաների մոտ, սակայն արտակարգ ծառայությունները կանխել են կրակի տարածումը, և տուժածներ չեն եղել։ Մեկ այլ հաղորդման համաձայն՝ հրկիզման փորձ է կանխվել նաև Բաքվի Յասամալի շրջանում գտնվող դպրոցներից մեկում։
Այս միջադեպերի շուրջ ևս հակասական մեկնաբանություններ են հնչում։ Ընդդիմադիր աղբյուրները ենթադրում են, որ հնարավոր սադրանքները կարող են օգտագործվել անկարգությունների պատասխանատվությունն արտաքին ուժերի, այդ թվում՝ Իրանի վրա բարդելու և նոր սահմանափակումները արդարացնելու համար։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը