Թուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Աշխարհ
ԱՄՆ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 63-ամյա Դուեյն Դևիսին, որը մեղավոր է ճանաչվել ամերիկացի ռեփեր Թուփաք Շակուրի սպանությունը կազմակերպելու մեջ։ Դատավճիռը նախատեսում է պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն՝ 40 տարի բանտում անցկացնելուց հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Դատավճիռը հրապարակվել է հոկտեմբերի 13-ին։ Դևիսի պատժաչափից կհանվի կալանքի տակ արդեն անցկացրած 731 օրը։ Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ին, երդվյալ ատենակալները երեք ժամից պակաս տևած խորհրդակցությունից հետո նրան մեղավոր էին ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ։
Մեղադրող կողմի տվյալներով՝ «Southside Compton Crips» ավազակախմբի բարձրաստիճան անդամ Դևիսը կազմակերպել էր Շակուրի վրա հարձակումը՝ ի պատասխան Լաս Վեգասի «MGM Grand» հյուրանոցում ռեփերի շրջապատի և Դևիսի զարմիկի՝ Օռլանդո Անդերսոնի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի։ Մեղադրող կողմը չի պնդել, որ Դևիսն անձամբ է կրակել երաժշտի վրա։
Շակուրը հրազենային վիրավորում էր ստացել, երբ մեքենայում էր պրոդյուսեր Մերիոն Նայթի հետ։ Ռեփերը մահացել էր վեց օր անց՝ 25 տարեկան հասակում։
Սպանությունը գրեթե 30 տարի չբացահայտված էր մնում։ Հետաքննողներին չի հաջողվել հայտնաբերել հանցագործության ժամանակ օգտագործված զենքը, սակայն առանցքային ապացույց են դարձել Դևիսի խոստովանությունները։ Նա հարցազրույցներում, վավերագրական ֆիլմերում և փոդքաստներում բազմիցս խոսել էր իր մասնակցության մասին, իսկ 2019 թվականին հրատարակել էր հուշագրություն՝ ներկայացնելով դեպքերի իր վարկածը։
Դևիսը միակ անձն է, որին մեղադրանք է առաջադրվել Թուփաք Շակուրի սպանության գործով։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը