COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ
Հայաստան
ԱԺ-ում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ հնչած հայտարարությունների առնչությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է պարզաբանում՝ նշելով, որ համաժողովի կազմակերպման գործընթացն իրականացվում է ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան։
Նախարարության հաղորդմամբ՝ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների գնահատմամբ։ Վերջիններս տարվա ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, ուսումնասիրել հնարավոր տարածքները և ներկայացրել դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների ու անվտանգության ապահովման պարտադիր պահանջները։
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախապես նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։ Նախարարությունը նշում է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ի կառավարության որոշմամբ թույլատրվել է մասնագիտացված ծառայությունների ձեռքբերումը մեկ անձից գնման ձևով։
Միաժամանակ, նախարարությունը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է հրապարակային նախաորակավորման գործընթաց։ 2025 թվականի օգոստոսի 25-ին հրապարակված հայտարարությանը հայտ է ներկայացրել 12 կազմակերպություն, այդ թվում՝ 2 օտարերկրյա։ Պահանջներին համապատասխանող 10 կազմակերպությունների ցանկը փոխանցվել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը։
Նախարարության պնդմամբ՝ դրանից հետո կազմակերպությունների ընտրությունն ու գնահատումն իրականացրել է ՄԱԿ-ը՝ առանց նախարարության միջամտության։ Քարտուղարության ներկայացուցիչը ժամանել է Հայաստան, հարցազրույցներ անցկացրել կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և մասնակցել դրանց գնահատման ու ընտրության գործընթացին։
Նախարարությունը շեշտում է, որ ծառայություններ մատուցող կազմակերպության ընտրությունը նախարարության միանձնյա որոշման արդյունք չի եղել, ուստի առանց ընտրության գործընթացի կազմակերպություն ընտրելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
ՇՄ նախարարության գնահատմամբ՝ COP17-ի կազմակերպման ծախսերը պետք է դիտարկել ոչ թե կամայական շուկայական համեմատությունների, այլ միջազգային համաժողովի անցկացման համար սահմանված տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության պահանջների համատեքստում։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց