«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի էբոլա վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով
Հայաստան
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ ժամանակավոր սանիտարակարանտինային վերահսկողություն կիրականացվի՝ Հայաստան Բունդիբուգյո վիրուսային հիվանդության՝ Էբոլայի ներթափանցումը կանխելու նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի այն ժամերին, երբ Հայաստան կժամանեն առողջապահության նախարարության ռիսկային ցանկում ընդգրկված պետություններից և տարածքներից ուղևորներ։
Վերահսկողության շրջանակում նախատեսվում է ուղևորների մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափում։ Հիվանդության կասկածի կամ համապատասխան ախտանշանների հայտնաբերման դեպքում հետագա միջոցառումները կիրականացվեն կառավարության սահմանած կարգով։
Որոշման ընդունումը պայմանավորված է նաև հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելիք՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) և հոկտեմբերի 16-ին նախատեսված՝ Կենսաբազմազանության առաջնորդների գագաթնաժողովով։ Միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ համաճարակաբանական ռիսկի տեսանկյունից ուշադրություն պահանջող պետություններից։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ միջոցառումների նպատակը հնարավոր դեպքերի վաղ հայտնաբերումն է, անհրաժեշտության դեպքում կոնտակտավորների արագ նույնականացումը և հանրային առողջության պաշտպանության միջոցառումների օպերատիվ իրականացումը։
Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում տուժած պետություններից չվերթների կասեցում կամ այդ երկրներից ժամանող անձանց մուտքի արգելում։ Նախատեսվում է կիրառել ժամանակավոր և նպատակային վերահսկողություն՝ ելնելով առկա համաճարակաբանական ռիսկերից։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան