Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետ
Հասարակություն
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ, հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոնեկ Փոլեի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (PES) և ՀՅԴ-ի միջև ձևավորված քաղաքական փոխըմբռնման բարձր մակարդակը, պարբերական երկխոսությունն ու Դաշնակցության ներգրավվածությունը PES-ի աշխատանքներում։
Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել PES-ի վերջին համագումարում ՀՅԴ-ի ներկայացրած բանաձևն ընդունելու համար։ Նա կարևորել է համապատասխան հարցերի շարունակական բարձրաձայնումը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակման, Հայաստանից բռնազավթված տարածքների դեօկուպացիայի, արցախահայության իրավունքների համապարփակ պաշտպանության և Հայաստանում քաղաքական ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովման հարցերում։
Սաղաթելյանը նաև ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ՀՅԴ-ի առջև ծառացած մարտահրավերները, Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ կուսակցության տեսակետներն ու Հայաստանում սոցիալ-դեմոկրատական արժեքների տարածմանն ուղղված աշխատանքները։
Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը եվրոպական սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական կուսակցությունների խոշորագույն միավորումներից է։ ՀՅԴ-ն Հարավային Կովկասից այդ կառույցին անդամակցող միակ կուսակցությունն է։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան