«Բնությունն է մեզ փրկել, բայց մենք այն չարաշահել ենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի անցյալի ու բնապահպանական խնդիրների մասին
Հայաստան
Հայաստանի դժվարին տարիներին բնությունը փրկություն է դարձել երկրի համար, սակայն այդ ընթացքում բնական պաշարները նաև չարաշահվել են։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացման ժամանակ։
Փաշինյանի խոսքով՝ 1990-ականների սկզբին էներգետիկ և սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանում զանգվածաբար հատվել են անտառներն ու կանաչ տարածքները, տարածվել որսագողությունը, իսկ Սևանա լճի ձկնային պաշարները հայտնվել են սպառման եզրին։ Այդ տարիներին սիգը մի քանի տարի շարունակ եղել է բնակչության հիմնական սննդամթերքներից մեկը։
Վարչապետն անդրադարձել է նաև վերջին տարիներին բնության պահպանության ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Նրա խոսքով՝ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի և զբոսաշրջության զարգացման շնորհիվ Հաղարծինում նախկին անտառահատներից շատերն անցել են զբոսաշրջիկների սպասարկմանը։
Փաշինյանի ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի հուլիսի դրությամբ Սևանա լճում սիգի կենսազանգվածը գերազանցել է 4500 տոննան՝ վերջին տասնամյակում աճելով ավելի քան 10 անգամ։ Նույն ժամանակահատվածում Սևանի իշխանի պաշարը գնահատվել է 374 տոննա՝ 2025 թվականի շուրջ 138 տոննայի դիմաց։
Նա նաև նշել է, որ Հայաստանում գնահատվում է կովկասյան ընձառյուծի 6-7 առանձնյակ։ Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակում 2022-2025 թվականներին բնություն է բաց թողնվել 22 առանձնյակ, որոնցից ծնված 8 ձագ վկայում է բնական պայմաններում տեսակի վերարտադրության մասին։
Միաժամանակ վարչապետն ընդունել է, որ Հայաստանում շարունակում են խնդիրներ մնալ ապօրինի անտառահատումների, որսագողության, հանքարդյունաբերության բնապահպանական կարգավորման, ջրային ռեսուրսների կառավարման և կոշտ թափոնների վերամշակման ոլորտներում։ Նա ընդգծել է էկոպարեկային ծառայության զարգացման, անտառվերականգնման և բնության պահպանությանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։
Փաշինյանի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանության ոլորտում առաջնային խնդիրն այլևս նոր խոստումների ձևակերպումը չէ, այլ ստանձնած միջազգային պարտավորությունները գործնական քայլերի վերածելը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան