«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ Ծառուկյան
Հասարակություն
Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է Բաքվի դատարաններում պահվող հայերի դատավարություններին՝ նշելով, որ դատավարության ընթացքում և դրանից հետո իրեն հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչ ապրումներ են ունենում այնտեղ գտնվող իր հայրենակիցները։
«Հոգեբանական ահռելի ճնշման, բացարձակ մեկուսացման, տեղեկատվական բլոկադայի մեջ այդ մարդիկ ի՞նչ արժանապատիվ են իրենց պահում։ Իրոք, մի վայրկյան պատկերացրեք մթնոլորտը, և թե ընդհանրապես ի՞նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե՛ իրենց, թե՛ Հայաստանը»,- գրել է նա։
Ծառուկյանը համեմատել է Բաքվի դատարաններում գտնվող հայերի պայմաններն իր դատավարության հետ՝ նշելով, որ Երևանում իր կողքին են փաստաբանները, իրեն աջակցող մարդիկ, իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները, իսկ դատարանում կարողանում է տեսնել հարազատներին ու ընկերներին։
«Բայց Բաքվի դատարաններում մեր հայրենակիցները, որոնց մեջ նաև իմ ընկերներն են, ամբողջությամբ մեկուսացված են, չունեն որևէ աջակցություն ու այդ պայմաններում նման արժանապատիվ կեցվածքով են հանդես գալիս»,- նշել է Ծառուկյանը։
Նա նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ նույն դահլիճում, որտեղ ընթանում է իր դատավարությունը, նախկինում կայացել է Միքայել Սրբազանի դատավարությունը։
«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ։ Այս գիտակցումը ինձ տալիս է վստահություն, ուժ, տալիս է անսահման հավատ, որ արդարությունը հաղթելու է»,- գրել է Գագիկ Ծառուկյանը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց