«Հրապարակ». ՔՊ-ն ընդդիմադիրներին քննադատելու առիթներ է փնտրում
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Հոկտեմբերի 17-ին Գյումրին տոնեց իր օրը։ Քաղաքը մարդաշատ էր, տարբեր թաղամասերում անցկացվում էին մշակութային միջոցառումներ, իսկ երեկոյան կայացած համերգը մեծ թվով մարդկանց էր հավաքել կենտրոնական հրապարակում։ Այդուհանդերձ, տոնական օրվա ընթացքում ուշադրության արժանի էին ոչ միայն միջոցառումները, այլեւ դրանց շուրջ ծավալվող քննարկումները։ Հատկանշական է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու օրվա առթիվ շնորհավորական ուղերձով հանդես չի գալիս։ Եթե նախորդ տարի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բեմից շնորհավորեց գյումրեցիներին եւ կատարեց իր «Քաջ Արամի» երգը, ապա այս տարի նա տնային կալանքում է եւ չէր կարող մասնակցել տոնակատարությանը։ Սակայն, մեր տեղեկություններով, հոկտեմբերի 17-ին քաղաքապետարանում անցկացված պարգեւատրման եւ մյուս բոլոր արարողությունները, այդ թվում՝ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչման շնորհումը, նրա հետ համաձայնեցվել էին, եւ նա անձամբ էր որոշել` ում ինչ շնորհել։
Տոնական օրվա շրջանակում Գյումրիում վերաբացվեց Ջրային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցը։ Հիմնանորոգման աշխատանքները կատարվել էին համայնքային բյուջեի միջոցներով։ Միջոցառումներ անցկացվեցին քաղաքի թանգարաններում, մշակութային կենտրոններում, կազմակերպվել էին տարբեր ցուցադրություններ, վարպետության դասեր, ազգային ավանդույթներին ու երաժշտությանը նվիրված միջոցառումներ։ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց 75-ամյա գյումրեցի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանին։ Նա մի շարք քանդակների հեղինակ է, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Անանիա Շիրակացու եւ Վահան Չերազի հայտնի արձանների։ Քաղաքապետարանի ոսկե մեդալներով պարգեւատրվեցին սրտաբան Դավիթ Մինասյանը, երաժիշտ Նորայր Բարսեղյանը՝ Քոտոն, Ջրային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանը։ Ուշագրավ էր դիվանագիտական հյուրերի ներկայությունը` Գյումրու օրը քաղաքապետարան էր այցելել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմսթրոնգ Չանգսանը՝ կնոջ եւ դստեր հետ։ Վերջին շրջանում Գյումրիում նկատելի է Հնդկաստանի քաղաքացիների ներկայությունը` քաղաքում կան հնդիկ ուսանողներ։ Քաղաքապետարան էին այցելել նաեւ Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսսա Կուդրուկը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը՝ ռուսական կառույցների այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Բելառուսի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Գյումրին եւ Բրեստը քույր քաղաքներ դարձնելու հարցը։
Օրվա կարեւոր իրադարձություններից էր նաեւ Գյումրու քաղաքապետարանի եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջեւ հուշագրի ստորագրումը։ Հուշագիրը ստորագրեցին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը եւ «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ հիմնադրամը ներդրում է կատարելու Ալեքսանդրովսկի՝ ներկայիս Աբովյան փողոցի հիմնանորոգման ծրագրում։ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ ապացուցում է՝ Գյումրին իրենց կողմից անտեսված չի լինելու։ Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ծրագրերը որոշել են սկսել հենց Գյումրիից` այն զբոսաշրջային կարեւոր քաղաք է։ Նարեկ Կարապետյանը նշեց՝ սա Սամվել Կարապետյանի հերթական նվերն է Գյումրիին, իսկ քաղաքին սպասվող մյուս անակնկալները դեռ առջեւում են։
Օրն ավարտվեց Վարդանանց հրապարակում աննախադեպ բազմամարդ տոնական համերգով, որը, ինչպես նախորդ, այս տարի եւս կազմակերպվել էր «Տաշիր գրուպի» աջակցությամբ։ Բեմում էին «Հայություն բենդը», Hayat Project-ը, երգչուհի Անետ Աղաբեկյանը եւ երգիչ Արշավիր Մարտիրոսյանը։ Չնայած համերգը բավական ուրախ անցավ, իշխանությունները քաղաքական շահարկումների թեմա գտան․ ՔՊ-ի ներկայացուցիչները՝ մարզային իշխանության ներկայացուցիչներից մինչեւ պատգամավորներ, քննադատեցին համերգն ու մասնակից արտիստներին։ Անկախության տոնին Թաթա լսողների աչքին «ռաբիզ» էին թվացել Գյումրիում հնչող որոշ կատարումներ, հատկապես` Անիտայի երգերը։
ՔՊ-ականները նաեւ քննադատում են այն, որ Գյումրու տոնակատարություններն իրականացվում են ոչ թե համայնքային բյուջեի միջոցներով, այլ ընդդիմության առաջնորդի` բարերարի աջակցությամբ։ Նրանք հարցադրումներ են անում, թե նման նախաձեռնությունների համար ինչու է հենց Գյումրին ընտրվել։ Հանուն արդարության նշենք, որ այս տարվա տոնակատարություններում, նախորդ տարվա համեմատ, հայրենասիրական շունչը պակասում էր։ Եթե անցած տարի Գյումրու օրը բեմից հնչում էին հայրենասիրական երգեր, ինչպես նաեւ՝ Վարդան Ղուկասյանի կալանքի հանգամանքն իր ազդեցությունն էր թողնում տոնի ընդհանուր մթնոլորտի վրա, ապա այս տարի տոնն առավելապես ժամանցային բնույթ ուներ, ինչպես Հայաստանով մեկ իրականացվող փառատոների մթնոլորտն է։
Հատկանշական է նաեւ, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում ՔՊ-ի կազմակերպած համերգին ելույթ էին ունենում Իվետա Մուկուչյանը, Սարոն, Թաթա Սիմոնյանը, որոնք պակաս «ռաբիզ» չեն իրենց կատարումներով։ Ի վերջո, Գյումրու օրը մեկ համերգով չի սահմանափակվում։ Գյումրին ունի իր մշակութային դիմագիծը, ավանդույթներն ու պահանջները, սակայն քաղաքի հանդեպ վերաբերմունքը չի կարելի չափել միայն մեկ երեկոյի երաժշտական ծրագրով, այն էլ` այդ ծրագրի մի հատվածով։ Տոնակատարությունը կարող է քննադատության առարկա դառնալ, բայց երբ այդ քննադատությունը քաղաքական պայքարի մաս է դառնում եւ ընդդիմությանն ու քաղաքային իշխանություններին խփելու միջոց` անընդունելի է։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան