Բնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվել
Իրավունք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի և Լոռու մարզերում արձանագրել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ։ Անօրինական գործունեությունները կասեցվել են, իսկ ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են ընդհանուր 2 մլն 780 հազար դրամի վարչական տուգանքներ։
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում «ՄԵՐ ՔԱՐԵՐ» ՍՊԸ-ն օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացրել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների։
Նույն մարզի Երանոս բնակավայրի մերձակայքում գործող «ԷՄ ՋԻ ԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն բետոնե շաղախի արտադրամասում բետոնախառնիչը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության և մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման թույլտվության։
Լոռու մարզի Ալավերդի համայնքի Նեղուց բնակավայրում «ՍԹՈՒՆ ՔԱԹԻՆԳ» ՍՊԸ-ն քարի սղոցման, մշակման և հարդարման արտադրամասի համար ջուր է վերցրել Դեբեդ գետից, իսկ արտադրական կեղտաջրերը հեռացրել նույն գետ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։
ԲԸՏՄ-ի տարածքային բաժինների պետերի որոշումներով նշված անօրինական գործունեությունները կասեցվել են։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան