Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը
Քաղաքական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է The R&A միջազգային կազմակերպության՝ Եվրոպայի տարածաշրջանում գոլֆի զարգացման հարցերով տնօրեն Զոի Թաքերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հեռանկարները, մարզաձևի մասսայականացման, երեխաների և երիտասարդների ներգրավման, մարզական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Զոի Թաքերը ներկայացրել է The R&A կազմակերպության գործունեությունն ու գոլֆի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով Հայաստանի ներուժը մարզաձևի զարգացման տեսանկյունից։ Նա կարևորել է գոլֆի հասանելիության բարձրացումը, հատկապես երեխաների, երիտասարդների և կանանց ներգրավումը՝ նշելով, որ մարզաձևի տարածման համար հնարավոր է կիրառել նաև փոքրածավալ և մատչելի ենթակառուցվածքներ։ Միջազգային կառույցը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում գոլֆի զարգացմանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կրթական ռեսուրսներ և միջազգային փորձ։
Հայաստանի գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը ներկայացրել է մարզաձևի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Մասնավորապես՝ քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում գոլֆի ճանաչողական և ուսուցողական վարպետության դասերի կազմակերպման, ինչպես նաև դպրոցներում շարժական փոքրածավալ դաշտերի տեղադրման հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև մասնագիտական վերապատրաստման ծրագրերին, որոնց շրջանակում հնարավոր է կազմակերպել մարզիչների և կամավորների վերապատրաստում՝ միջազգային մասնագետների ներգրավմամբ։ Շեշտվել է նաև գոլֆի զարգացման զբոսաշրջային ներուժը՝ նշելով, որ մարզաձևը կարող է նպաստել ոլորտի զարգացմանը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ Հայաստանում գոլֆի զարգացման և մարզաձևի մասսայականացման նպատակով։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան