Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ
Աշխարհ
Կանադայի Ալբերտա նահանգի ընտրողների մոտ 76%-ը դեմ է քվեարկել երկրի կազմից դուրս գալուն։ CBC.ca-ն հայտնում է հանրաքվեի նախնական արդյունքների մասին՝ հիմնվելով ավելի քան 1,3 միլիոն քվեաթերթիկների հաշվարկի վրա։ CTV news-ն էլ ընդգծել է քվեարկության աննախադեպ ակտիվությունը. ներառյալ վաղաժամկետ քվեարկությունը՝ հանրաքվեին մասնակցել է ավելի քան 2,1 միլիոն մարդ, ինչը նահանգի ողջ բնակչության գրեթե կեսն է։
Քվեարկությունը կրում է խորհրդատվական բնույթ և պարտադիր իրավական ուժ չունի։ Ձևական առումով կազմակերպիչները, որոնց աջակցում էին Դոնալդ Թրամփի շրջապատի մի շարք գործիչներ, բարձրացրել էին ոչ թե կոնկրետ Ալբերտայի անջատման, այլ ապագայում նման գործընթաց սկսելու հնարավորության հարցը։ Հարցի հստակ ձևակերպումն այսպիսին էր. «Արդյոք Ալբերտան պետք է մնա՞ Կանադայի նահանգ, թե՞ Ալբերտայի կառավարությունը պետք է նախաձեռնի Կանադայի Սահմանադրությամբ նախատեսված իրավական գործընթաց և պարտադիր իրավական ուժ ունեցող նահանգային հանրաքվե անցկացնի՝ պարզելու, թե արդյոք Ալբերտան պետք է անջատվի Կանադայից»։
Բացի այս հիմնական կետից, հանրաքվեի մասնակիցները պատասխանել են ևս ինը հարցի։ Դրանք վերաբերում էին Ալբերտայում ներգաղթի վերահսկողության տարբեր ասպեկտներին և տեղական իշխանությունների լիազորությունների ընդլայնմանը։ Նախնական տվյալներով՝ քվեարկողների մեծամասնությունը կողմ է արտահայտվել այս առաջարկներին։ Միակ բացառությունը տարածաշրջանային իշխանությունների՝ առողջապահական և կրթական դաշնային ծրագրերից հրաժարվելու իրավունքն էր, որը հավանության չի արժանացել։
Ալբերտայի անջատողականությունը սկիզբ է առնում դեռևս 1980-ականներից. այն հիմնված է նավթ արդյունահանող այս նահանգի այն դիրքորոշման վրա, որ նրանք չեն ցանկանում կիսել իրենց եկամուտները մնացյալ Կանադայի հետ։ Այս գաղափարը լայն տարածում գտավ 2010-ականների վերջին՝ ի նշան Ջասթին Թրյուդոյի դաշնային կառավարության վարած քաղաքականության դեմ դժգոհության։ 2019 թվականին ստեղծվեց Wexit շարժումը (բրիտանական Brexit-ի օրինակով), որը հետագայում վերակազմավորվեց որպես «Wildrose Independence» կուսակցություն։
2025 թվականին՝ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո, Ալբերտայի անկախացման կողմնակիցները որոշակի աջակցություն ստացան ԱՄՆ-ից։ Անջատողականների օգտին արտահայտվեցին նախագահի մերձավոր շրջապատի որոշ գործիչներ, ինչպես օրինակ՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը և գործարար Իլոն Մասկը։ 2026 թվականի մայիսին Ալբերտայի անջատողականները կարողացան հասնել նրան, որ անկախացման հնարավորության հարցը դրվի համապարփակ հանրաքվեի, սակայն բնակիչների մեծամասնությունը չպաշտպանեց այդ գաղափարը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան