ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի․ «Առավոտ»-ը մանրամասներ է հրապարակել
Հասարակություն
ԵՊՀ նախկին աշխատակիցներից մեկի փոխանցմամբ՝ համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Էմմա Սարգսյանը, 2022 թվականին գրանցվել է որպես ԵՊՀ մարքեթինգի բաժնի մասնագետ, սակայն, ըստ հրապարակման, տարիներ շարունակ չի ներկայացել աշխատանքի։
«Առավոտ»-ը զրուցել է ԵՊՀ մարքեթինգի բաժնի մի շարք աշխատակիցների հետ։ Նրանցից մի քանիսը հայտնել են, որ չեն ճանաչում Էմմա Սարգսյանին, որը, ըստ համալսարանի պաշտոնական կայքի, բաժնում աշխատել է 2022-2026 թվականներին։ Միևնույն ժամանակ, բաժնի աշխատակիցներից մեկը նշել է, որ Սարգսյանը զբաղվել է համալսարանի կայքի նյութերի թարգմանությամբ։
Հրապարակման համաձայն՝ ԵՊՀ աշխատակիցների նույնականացման գործընթացի ընթացքում, որը նախորդել է Face ID համակարգի ներդրմանը, անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցները մայիսին փնտրել են նաև Էմմա Սարգսյանին։ Հունիսի 2-ին բաժնի վարիչը, ըստ առկա ձայնագրության, հայտնել է, որ նա դեռ չէր ներկայացել։
Հարցում է ուղարկվել ԵՊՀ՝ Սարգսյանի կատարած աշխատանքի բնույթի և ծավալների, ինչպես նաև հեռավար աշխատանքի կազմակերպման հիմքերի վերաբերյալ։ Համալսարանը չի հերքել հեռավար աշխատանքի հանգամանքը, սակայն կոնկրետ աշխատանքի ծավալների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրել՝ հղում անելով աշխատանքային հարաբերությունների և անձնական տվյալների պաշտպանության պահանջներին։
Ըստ հրապարակման՝ ԵՊՀ կայքում «emma.sargsyan» մուտքանունով հասանելի են 2023 թվականից առաջ կատարված հինգ անգլերեն թարգմանություններ։ Միաժամանակ լրատվամիջոցը նշում է, որ միայն այդ տվյալների հիման վրա հնարավոր չէ փաստել, թե 2022-2026 թվականներին ինչ ծավալի աշխատանք է կատարել Սարգսյանը։
Լրատվամիջոցը պարզաբանումներ է փորձել ստանալ նաև Էմմա Սարգսյանից, սակայն հեռախոսազրույցի ընթացքում համալսարանի մարքեթինգի բաժնի մասին հարցի հնչեցումից հետո զանգն անջատվել է, իսկ հետագա զանգերին նա չի պատասխանել։
Հրապարակումից հետո Էմմա Սարգսյանը և նրա ներկայացուցիչ փաստաբանը նյութը որակել են որպես զրպարտություն։ Փաստաբան Էդգար Բադեմյանը նաև ուղարկել է հրապարակման վերաբերյալ պատասխան-հերքում։
Ըստ ԵՊՀ պաշտոնական կայքի՝ Էմմա Սարգսյանն այժմ համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս է։ Ավելի վաղ՝ 2017-2022 թվականներին, նա աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական։ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր է 2021 թվականից։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը