Կնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 2021 թվականի հոկտեմբերին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ ամուսինը արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր հատվածներին, գլուխը հարվածել պատին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա խոհանոցային դանակը պահել նրա կոկորդին և սպառնացել սպանել։ Նույն արարքը նա կրկնել է նաև 2024 թվականի հուլիսին։
Բացի այդ, 2024 թվականի օգոստոսին, կնոջ՝ փաստացի ամուսնալուծվելու հանգամանքից դժգոհ լինելով, տղամարդը կնոջը վարկաբեկելու նպատակով նրա մերկ լուսանկարներն ուղարկել և ցուցադրել է կնոջ ազգականներին։
Ըստ ՔԿ-ի՝ 2024 թվականի օգոստոսի 14-ից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում տղամարդը նաև հետապնդել է կնոջը՝ տարբեր հավելվածների և էլեկտրոնային փոստի միջոցով նրան ներգրավելով անցանկալի հաղորդակցության մեջ, պարբերաբար հայհոյելով և սպառնալով կնոջն ու նրա հարազատներին։
Տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոգեկան և ֆիզիկական ներգործության, հետամտելու, ինչպես նաև անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածներով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը