Աննա Վարդապետյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազին
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեին։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Աշխատանքային այցի շրջանակում կողմերը քննարկել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցերն ու անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։
Աննա Վարդապետյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև ձևավորված մասնագիտական կապերի և փոխադարձ վստահության կարևորությունը՝ նշելով, որ արդյունավետ համագործակցության հիմքում ոչ միայն միջազգային պայմանագրերով սահմանված մեխանիզմներն են, այլև անմիջական, օպերատիվ և կառուցողական հաղորդակցությունը։
Նա նաև կարևորել է երկու երկրների իրավասու մարմինների՝ ընթացիկ հարցերին արագ արձագանքելու և գործնական լուծումներ գտնելու կարողությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները։ Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի դատախազության ներգրավվածությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դատախազների միջազգային ասոցիացիայում, ինչպես նաև Եվրաջասթի և Եվրոպական դատախազության հետ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Կողմերն ընդգծել են միջազգային փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման և անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը։
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունները պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունն ու զարգացնելու համագործակցությունը հանցագործությունների բացահայտման, քրեական հետապնդման, իրավական փոխօգնության և արդարադատության արդյունավետ իրականացման ուղղություններով։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը