Դատախազությունը պարզաբանել է՝ ինչու են ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրությունների հիմքերն ու տվյալները գաղտնի պահվում
Իրավունք
Դատախազությունը, պատասխանելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումներին, պարզաբանել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների հիմքերը, ընթացքի վերաբերյալ տեղեկությունները և դրանց արդյունքում ստացված տվյալները գաղտնի են։
Գերատեսչության փոխանցմամբ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, ընթացքի վերաբերյալ և ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները կարող են տրամադրվել շահագրգիռ անձանց միայն օրենքով նախատեսված կարգով, իսկ այլ անձանց՝ բացառապես իրավասու մարմնի համաձայնությամբ՝ հաշվի առնելով վարույթի նպատակները։
Դատախազությունը նաև նշել է, որ այն անձանց վերաբերյալ տեղեկությունները, որոնց մասով որոշում է կայացվել ուսումնասիրություն չսկսելու մասին, իրավասու մարմնին հայտնի են դառնում օրենքով սահմանված աղբյուրներից ստացված հաղորդումների միջոցով։ Այդ հաղորդումները հիմք են հանդիսանում ուսումնասիրություն սկսելու կամ չսկսելու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար, իսկ դրանց հիմքերը նույնպես գաղտնի են։
Միաժամանակ, օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ իրավասու մարմինը հրապարակում է նախաձեռնված բռնագանձման վարույթների և դրանց արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն՝ պահպանելով օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տվյալների գաղտնիությունը։
Այսպիսով, դատախազության պարզաբանմամբ՝ հաշվետվությունների հրապարակման պարտականությունը վերաբերում է արդեն նախաձեռնված բռնագանձման վարույթներին և դրանց արդյունքներին, իսկ ուսումնասիրությունների հիմքերն ու դրանց ընթացքում ստացված տվյալները ենթակա են գաղտնիության պահպանման։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը