Երեխաներին մեքենայով տեղափոխելու կանոնների խախտման տուգանքը կդառնա 20 հազար դրամ
Հասարակություն
Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերին։
Նախագծերի նպատակն է առավել արդյունավետ կանխարգելել թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու դեպքերը, վերանայել ճանապարհային նշանների և երթևեկության կանոնների պահանջների խախտումների համար նախատեսված պատասխանատվությունը, ինչպես նաև կարգավորել անհատական շարժունակության միջոցների կիրառման ընթացքում առաջացած խնդիրները։
Մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեխաների վնասվածքների դեպքերը կանխելու նպատակով առաջարկվում է խստացնել երեխաներին տրանսպորտային միջոցներով տեղափոխելու կանոնների խախտման համար սահմանված պատասխանատվությունը։ Գործող 5 հազար դրամ տուգանքի փոխարեն նախատեսվում է սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
Փոփոխություններ են առաջարկվում նաև որոշ ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար։ Մասնավորապես, «Մուտքն արգելվում է», «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» և «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար» նշանների պահանջները խախտելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, ինչպես նաև 2 տուգանային միավոր։
Բացի այդ, «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի կամ կանգառն արգելված տեղերը ցույց տվող ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու համար առաջարկվում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով և 1 տուգանային միավոր։
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նպաստել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը, կանխել խցանումների առաջացումը և ապահովել երթևեկության բնականոն հոսքը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը