«Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել
Աշխարհ
Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս մեկը տուժել է Ֆրանսիայի հարավում «Ադամ» փոթորկից առաջացած ջրհեղեղների հետևանքով, հայտնում է BBC News-ը։
Հորդառատ անձրևները ողողել են փողոցները, խաթարել տրանսպորտի երթևեկությունը և ստիպել իշխանություններին կազմակերպել տուժած շրջանների բնակիչների ժամանակավոր տեղավորումը։
Զոհվածների թվում են 86 և 26 տարեկան երկու կին, որոնց մարմինները հայտնաբերվել են Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի ջրածածկ նկուղային տարածքում։ Եվս մեկ մարդ զոհվել է Կորսիկայում․ տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով լիաքարշակ ավտոմեքենան ջրի հոսանքով քշվել է։ Մեքենայում գտնվողներից մեկը կարողացել է դուրս գալ պատուհանից, մյուս տղամարդը զոհվել է։ Չորրորդ մահվան հանգամանքները դեռևս չեն հստակեցվում։
Մոնպելյեի և Մարսելի միջև գտնվող Մուրյես և Սեն-Մարտեն-դը-Կրո քաղաքներում ջրհեղեղից հետո տասնյակ բնակիչներ տեղավորվել են ժամանակավոր ապաստարաններում։ Այս շրջանում նաև հաղորդվում է մեկ տուժածի մասին։ Անբարենպաստ եղանակի պատճառով խաթարվել են ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունները։
«Ջուրը բարձրացել է աննախադեպ մակարդակի»,- հայտարարել է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պրեֆեկտ Ժակ Վիտկովսկին։ Նա աջակցություն է հայտնել բոլոր տուժածներին և ընդգծել, որ արտակարգ ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։
Օդերևութաբանները նախազգուշացնում են անբարենպաստ եղանակի նոր ալիքի մասին։ Ատլանտյան օվկիանոսի կողմից դեպի Ֆրանսիայի հյուսիս-արևմուտք է մոտենում «Օստին» փոթորիկը։ Ազգային օդերևութաբանական Météo-France ծառայությունը երկրի հինգ արևմտյան դեպարտամենտներում՝ Կոտ-դ’Արմոր, Ֆինիստեր, Մորբիան, Իլ-է-Վիլեն և Մանշ, ուժեղ քամու պատճառով վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարել։ Նախազգուշացումը գործում է հինգշաբթի երեկոյից մինչև ուրբաթ։
«Ադամ» փոթորիկն ավելի վաղ լայնածավալ ջրհեղեղներ էր առաջացրել Իսպանիայի արևելքում, որտեղ զոհվել է առնվազն երեք մարդ։ Միջերկրածովյան ափին մի քանի բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից ջրի վարարումների պատճառով, իսկ փրկարարները մարդկանց շենքերի տանիքներից տարհանելու համար օգտագործել են ուղղաթիռներ։ Վալենսիայի ինքնավար համայնքի իշխանությունները հաստատել են 23,5 միլիոն եվրոյի օգնության փաթեթ տուժածների համար։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է պետական միջոցներ հատկացնել վնասված շրջանների վերականգնման համար։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը