ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Քաղաքական
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Թվում է՝ Հայաստանը չի քննարկում այս հարցը և չի մասնակցում աշխատանքներին։ Սակայն Հայաստանի ներկայացուցիչը շաբաթական մասնակցում է մշտական խորհրդի նիստերին, որոնց ներկա են ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները», — ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է Մասադիկովը։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Երևանի՝ կազմակերպությունից հնարավոր դուրս գալու հարցը կարող է ներառվել Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում։ Նման առաջարկով սովորաբար հանդես է գալիս ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը կամ կազմակերպության անդամ պետություններից մեկը։
Մասադիկովը նաև հիշեցրել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի մասին։ Նրա խոսքով՝ հոդվածով նախատեսված դրույթները, մասնավորապես, վերաբերում են անդամավճարների չվճարմանը և քվոտայով նախատեսված պաշտոնները չզբաղեցնելուն։ Այս հանգամանքները կարող են հանգեցնել ձայնի իրավունքի բացակայության։
Ավելի վաղ Մասադիկովը հայտարարել էր, որ Հայաստանը դե ֆակտո արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը տարբեր փաստաթղթեր է ուղարկում անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ներպետական համաձայնեցմանը։ Սակայն Երևանը հարցումներին ի պատասխան հայտնում է, որ հայկական կողմը չի մասնակցում քննարկումներին և որոշումների ընդունմանը, միաժամանակ դեմ չի արտահայտվում դրանց ընդունմանը սահմանափակ ձևաչափով։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը