Ադրբեջանագետ․ Փաշինյանը փորձում է հանրությանը համոզել, որ այլ տարբերակ չկա, քան Ալիևի պահանջները
Հասարակություն
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին հայտարարությանը, նշել է, որ այն համարում է հոգեբանական և տեղեկատվական պատերազմի դրսևորում։
Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ընդդիմադիր ուժերին չհաջողվի համոզել աջակցել իշխանության քաղաքական օրակարգին, հնարավոր է՝ գնան արտահերթ ընտրությունների։ Նա նաև նշել էր, որ եթե ժողովուրդը չաջակցի իր քաղաքական առաքելությանը, ապա այն կհամարի ավարտված։
Հայրապետյանի գնահատմամբ՝ այս հայտարարության ենթատեքստն այն է, որ Փաշինյանն իր իշխանությունը կապում է Ադրբեջանի պահանջների կատարման հետ, իսկ դրանց իրականացման ձախողման դեպքում իր քաղաքական ապագան հարցականի տակ է հայտնվում։
«Այո, Փաշինյանը իր իշխանության բանալին դրել է Ալիևի ձեռքի մեջ։ Հիմա, եթե ինքը չի կարող այլևս սպասարկել պրոադրբեջանական օրակարգեր, ապա իր իշխանության մնալը հարցականի տակ է դրվում»,- գրել է նա։
Ադրբեջանագետի խոսքով՝ սահմանադրության փոփոխության հարցը դարձել է Փաշինյան-Ալիև օրակարգի նոր փուլը։ Նրա գնահատմամբ՝ Բաքվից և Երևանից հնչող ուղերձները ցույց են տալիս, որ սահմանադրության փոփոխության հարցում Հայաստանի վրա ճնշումը շարունակվում է։
Հայրապետյանը կարծում է, որ Փաշինյանը, գիտակցելով իր քաղաքականության նկատմամբ հանրային դիմադրությունը և քաղաքական կապիտալի նվազումը, փորձում է հնարավոր էսկալացիայի ռիսկերը տեղափոխել ընդդիմության և հանրության վրա՝ արտահերթ ընտրությունների թեման դարձնելով քննարկման առարկա։
«Ես համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների։ Սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ, շանտաժի միջոցով համոզել, որ չկա ավելի լավ տարբերակ, քան Ալիևի պահանջների կատարումն է»,- նշել է նա։
Ադրբեջանագետը նաև անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո իշխանության գործունեությանը՝ պնդելով, որ այդ ժամանակահատվածում իշխող ուժի հիմնական թիրախը Հայ առաքելական եկեղեցին է եղել, մինչդեռ ադրբեջանական սպառնալիքների և Ադրբեջանի գործողությունների դեմ պայքարը բավարար ուշադրության չի արժանացել։
Հայրապետյանը կոչ է արել հանրությանը լինել զգոն, խելամիտ և կամային՝ թույլ չտալով, որ Փաշինյանի և Ալիևի հայտարարություններն ու սպառնալիքները դառնան հանրային վախի և շանտաժի գործիք։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը