«Նոայի» դեմ սահմանափակո՞ւմ․ Արփինե Հովհաննիսյանը քննադատել է ՀՖՖ-ի դիրքորոշումը
Հասարակություն
Փաստաբան Արփինե Հովհաննիսյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) դեմ «Նոա» ֆուտբոլային ակումբի և ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանի ներկայացրած հայցադիմումին։
Հովհաննիսյանը նշել է, որ դատարանը չի անդրադարձել 15 լեգեոներների սահմանափակման իրավաչափությանը, քանի որ հայցը թողնվել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ վեճը ենթակա է արբիտրաժային քննության։ Փաստաբանի խոսքով՝ այդ որոշումը բողոքարկվելու է։
«Որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ուստի վերջնական տոնով սխալ պնդումները նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ են։ Ակնկալում եմ, որ ՀՖՖ-ն նույն փութաջանությամբ հանրությանը կտեղեկացնի նաև դատական գործընթացի մյուս՝ ոչ պակաս կարևոր արդյունքի մասին»,- գրել է նա։
Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը մերժել է ՀՖՖ-ի՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը՝ ներկայացված փաստարկները համարելով անհիմն։ Արդյունքում 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված։
Հովհաննիսյանը նաև նշել է, որ ՀՖՖ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դեռ պետք է քննվի։ Նրա գնահատմամբ՝ բողոքում չկան բավարար և իրավաբանորեն հիմնավոր փաստարկներ, որոնք կարող էին արդարացնել հայցի ապահովման միջոցի վերացումը։
Անդրադառնալով դատական նիստի ընթացքում ՀՖՖ-ի ներկայացուցչի դիրքորոշումներին՝ փաստաբանը պնդել է, որ դրանք ամրապնդել են իրենց համոզմունքը, թե իրական նպատակը հայկական ֆուտբոլի զարգացումը չէ, այլ «Նոա» ֆուտբոլային ակումբի տնտեսական և մրցակցային հնարավորությունների սահմանափակումը։
«Իսկ սա արդեն ոչ միայն սպորտային քաղաքականության, այլև մրցակցության իրավունքի լրջագույն խնդիր է՝ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով։ Հետևությունները դուք արեք»,- եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը