Սերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանը
Վերլուծական
Սերբիայում երկու տարի շարունակվող ուսանողական բողոքի շարժումը լուրջ մարտահրավեր է դարձել նախագահ Ալեքսանդր Վուչիչի քաղաքական գերիշխանության համար։ Կիրակի օրը երկրում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվելու, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ երկրի քաղաքական ապագայի համար։ Այս մասին գրում է BBC-ն։
«Ուսանողական ցուցակ․ ուսանողները հաղթում են» շարժումը միավորել է կառավարությունից դժգոհ ընտրողներին երկրի տարբեր հատվածներում։ Թեև շարժման հիմնական ուժը երիտասարդներն են, ընտրություններին մասնակցող թեկնածուները ուսանողներ չեն․ նրանց թվում են ուսուցիչներ, համալսարանների դասախոսներ, բժիշկներ, դերասաններ, ֆերմերներ և գիտնականներ։
Շարժումը սկսվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին, երբ Սերբիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Նովի Սադի երկաթուղային կայարանի մուտքի մոտ փլուզվել է բետոնե հովանոցը, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Ողբերգությունը հասարակության շրջանում ընկալվել է որպես կոռուպցիայի և անփութության հետևանք։ Քննադատները կայարանի վերանորոգման աշխատանքներում առկա խնդիրները կապել են Վուչիչի իշխանության հետ, որը սերտորեն ասոցացվել էր նախագծի հետ։
Սկզբում ուսանողները բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով արդարություն և պատասխանատվության ենթարկել ողբերգության մեղավորներին։ Սակայն շարժումն աստիճանաբար տարածվել է ամբողջ երկրում՝ ներգրավելով հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ ֆերմերների, դերասանների և դատավորների։
Բողոքի ալիքի ուժեղացման ֆոնին վարչապետը հրաժարական է տվել։ 2025 թվականի մարտին Բելգրադում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենամարդաշատ բողոքի ցույցերից մեկը։ Շարժումը կազմակերպվել է ուսանողական ժողովների միջոցով՝ առանց հստակ առաջնորդների։
Վուչիչը, որը 2014 թվականից զբաղեցրել է վարչապետի կամ նախագահի պաշտոնը, այս անգամ իր «Սերբական առաջադիմական կուսակցության» հետ բախվում է ավելի հստակ մրցակցի, քան 2023 թվականի ընտրություններում էր։ Ուսանողական շարժումը հրաժարվել է համագործակցել ավանդական ընդդիմադիր կուսակցությունների հետ, իսկ մի շարք ընդդիմադիր ուժեր իրենց թեկնածուներին առաջադրելու փոխարեն աջակցել են ուսանողների ցուցակին։
Վուչիչը չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում և այժմ գլխավորում է իր կուսակցությունը՝ նպատակ ունենալով վերադառնալ վարչապետի պաշտոնին։ Նա պնդում է, որ իր ընդդիմախոսների հետևում կանգնած են հզոր արտաքին ուժեր, որոնք փորձում են տապալել Սերբիայի իշխանությունը։ Ուսանողական շարժումը, իր հերթին, առաջարկում է կոռուպցիայի դեմ պայքար, պետական կառույցների բարեփոխումներ և լրատվամիջոցների անկախության ապահովում։
Շարժման 11 կետից բաղկացած ծրագրում ներառված են կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկումը, ոստիկանության և ներքին գործերի նախարարության աշխատանքների վերանայումը, պետական հեռարձակողի քաղաքական ազդեցությունից ազատումը և պետական ընկերությունների ղեկավար պաշտոններում կուսակցական նշանակումները դադարեցնելը։
Ընտրությունների արդարության վերաբերյալ, սակայն, մտահոգություններ կան։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախընտրական մթնոլորտը բնութագրել է որպես լարված և պառակտված։ Սերբական CRTA անկախ դիտորդական կազմակերպությունը հայտնել է ընտրարշավի ընթացքում սպառնալիքների, ֆիզիկական բռնության և ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ հսկողության դեպքերի մասին։
Կազմակերպության գնահատմամբ՝ պետական կառույցները բավարար պայմաններ չեն ապահովել թեկնածուների հավասար մրցակցության համար։ Այն նաև պնդել է, որ հեռուստատեսային լուսաբանման գրեթե երեք քառորդը հատկացվել է իշխանության ներկայացուցիչներին։
Եվրոպական մամուլի և մեդիայի ազատության կենտրոնի տվյալներով՝ այս տարի Սերբիայում արձանագրվել է լրատվամիջոցների և լրագրողների վրա շուրջ 160 հարձակում։
Չնայած իշխանությունների պնդումներին, թե ընտրություններն ազատ են լինելու, դիտորդները զգուշացնում են անհավասար մրցակցային պայմանների մասին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը