Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»
Արտակարգ Պատահար
Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին հանգստավայրում՝ «Արծվի բնում», հրդեհ է բռնկվել։ BBC News-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և պարզում է՝ արդյոք նա առնչություն ունի հրդեհի հետ։
Ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 21։15-ին, Տրաունշտայն քաղաքի դիսպետչերական ծառայությունը հրդեհի մասին ահազանգ է ստացել։ Դեպքի վայր ժամանած հրշեջները շենքը հայտնաբերել են կրակի մեջ։ Հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են համալիրի դժվարամատչելի տեղակայման պատճառով։
Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը շարունակվել է մինչև շաբաթ վաղ առավոտ։ Միջադեպի հետևանքները վերացնելու աշխատանքներին մասնակցել է արտակարգ ծառայությունների շուրջ 200 աշխատակից։ Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
«Արծվի բույնը» գտնվում է Բավարական Ալպերում՝ Բերխտեսգադեն քաղաքի վերևում։ Համալիրի շինարարությունն ավարտվել է 1938 թվականին։ Հիտլերն այն օգտագործել է որպես հանգստավայր և քաղաքական հանդիպումների վայր։ Մասնավորապես, 1941 թվականին այնտեղ հանդիպումներ են անցկացվել զինվորական հրամանատարների հետ՝ Խորհրդային Միության վրա հարձակման նախապատրաստական աշխատանքների ժամանակ։
Նացիստական քարոզչությունն օգտագործել է նաև շրջակա ալպյան բնապատկերները՝ Հիտլերին ներկայացնելով որպես կենդանիների և բնության սիրահար։
Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի պարտությունից հետո շենքը չի ավերվել։ Հետագայում այն դարձել է զբոսաշրջային հայտնի վայր, որտեղ այժմ գործում է լեռնային հյուրանոց։ Համալիրի պաշտոնական կայքում այն ներկայացվում է նաև որպես նացիստական բռնապետության անմարդկայնության մասին հիշեցում։
Հիտլերի գլխավորած նացիստական ռեժիմը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պատասխանատու էր տասնյակ միլիոնավոր մարդկանց մահվան, այդ թվում՝ եվրոպացի հրեաների համակարգված զանգվածային ոչնչացման համար։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը