Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդին
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է RAF (Real American Freestyle) կազմակերպության միջին քաշային կարգի Crossover չեմպիոնական տիտղոսը նվաճելու և պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգայում իր հետագա ծրագրերի մասին։
Հոկտեմբերի 24-ին Լաս Վեգասում կայացած RAF 14 մրցաշարում Ծառուկյանը հաղթել էր ամերիկացի Դիլոն Դենիսին և նվաճել չեմպիոնական գոտին։
Մրցաշարից հետո կայացած մամուլի ասուլիսում հայ մարտիկը նշել է, որ իր գլխավոր նպատակը չեմպիոն դառնալն էր՝ անկախ մրցակցի անունից։
«Ես ուզում էի դառնալ չեմպիոն, դա համար մեկ նպատակն էր, և կարևոր չէ, թե ում դեմ եմ նվաճել տիտղոսը։ Նա լավագույն ըմբիշը չէ, ում հետ ես գոտեմարտել եմ այս կազմակերպությունում, բայց նա շատ հետևորդներ ունի և մեծ ուշադրություն է գրավում։ Ուրախ եմ, որ դարձա RAF-ի չեմպիոն, և կպահպանեմ այս տիտղոսն այնքան երկար, որքան հնարավոր կլինի»,- ասել է Ծառուկյանը։
Նա նաև նշել է, որ այլևս հետաքրքրված չէ օլիմպիական չեմպիոն Ջորդան Բարոուզի դեմ գոտեմարտով։ Վերջինս RAF 14 մրցաշարում անսպասելի պարտություն էր կրել ուսանողական ըմբշամարտի ներկայացուցիչ Մայքլ Կալիենդոյից։
«Ջորդան Բարոուզն ինձ այլևս չի հետաքրքրում։ Եթե օլիմպիական չեմպիոնը պարտվում է նորեկին, նրա հետ գոտեմարտելն այլևս որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Նա ինձ հետաքրքիր էր, երբ RAF-ի առաջին համարն էր։ Հիմա ինձ ուրիշ մեկն է պետք»,- պարզաբանել է հայ մարտիկը։
Ծառուկյանի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով գորգ դուրս կգար խառը մենամարտերի (MMA) լեգենդ, կանադացի Ժորժ Սեն-Պիերի դեմ, եթե RAF լիգային հաջողվի պայմանագիր կնքել նրա հետ։
«Մենք մի քանի անուն ունենք մտքում, բայց առայժմ ես կենտրոնացած եմ մեծ անուն ունեցող MMA-ի մարտիկների վրա։ Չեմ ցանկանում գոտեմարտել նրանց հետ, ում ոչ ոք չի ճանաչում։ Ինձ մեծ անուններ են պետք, լավագույն մարտիկներ։ RAF լիգան արդեն պայմանագիր է կնքել UFC-ի բազմաթիվ մարտիկների հետ, և գուցե նրանց հաջողվի համաձայնության գալ Ժորժ Սեն-Պիերի հետ։ Ես կցանկանայի գոտեմարտել նրա դեմ»,- ասել է Ծառուկյանը։
Նշենք, որ հայ մարտիկն իր չեմպիոնական գոտու առաջին պաշտպանությունը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ Աբու Դաբիում կայանալիք RAF մրցաշարում։ Նրա մրցակիցը կլինի բրազիլացի Նեյման Գրեյսին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը