Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվհենի Խմարան հայտարարել է, որ Starlink արբանյակային ինտերնետային ցանցի կապն այժմ կայուն է՝ մի քանի օր տևած սահմանափակումներից հետո. փոխանցում է BBC-ն։
Կիևը Starlink-ը և դրա՝ ռազմական նշանակության ավելի պաշտպանված տարբերակը՝ Starshield-ը, լայնորեն օգտագործում է անօդաչու թռչող սարքերի կառավարման և ռազմական գործողությունների համակարգման համար։
Անցած շաբաթ Ուկրաինան մեղադրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, թե նա Starlink-ի սեփականատեր Իլոն Մասկին հրահանգել է սահմանափակել ցանցի աշխատանքը ուկրաինական զինված ուժերի համար։ Կիևի պնդմամբ՝ այդ սահմանափակումների հետևանքով անօդաչուները կորցնում էին կապը, երբ դրանց արագությունը գերազանցում էր ժամում 161 կմ-ը։
Թրամփը հերքել էր սահմանափակումներ մտցնելու մասին պնդումը, ապա հայտարարել, որ Մասկը վերականգնել է ցանցի աշխատանքը։
Շաբաթ օրը Խմարան հայտնել է, որ այժմ Starlink-ի միջոցով հնարավոր է կապ պահպանել նույնիսկ ժամում 400 կմ-ից ավելի արագության դեպքում։ Նրա խոսքով՝ սա վկայում է, որ ցանցի հնարավորությունները վերականգնվել են։
«Այս արդյունքը նախևառաջ կարևոր է մեր ճակատի, մեր զինվորների, անօդաչուների գործողությունների, լոգիստիկայի և կապի համար»,- նշել է նախարարը։
Ուկրաինայի զինված ուժերը ռազմական նպատակներով լայնորեն օգտագործում են ցածր ուղեծրում գտնվող շուրջ 10 հազար արբանյակներից բաղկացած Starlink ցանցը, հատկապես ռազմաճակատի հեռավոր հատվածներում։
Ուկրաինան կիրառում է ինչպես քաղաքացիական Starlink ծառայությունը, այնպես էլ Starshield-ը։ Մասկը նախկինում նշել էր, որ Starshield-ը վերահսկվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից՝ ենթադրելով, որ ցանցի աշխատանքի վերջին խնդիրների հետևում կարող էր կանգնած լինել Պենտագոնը։
Ռուսաստանը Starlink-ից օգտվելու թույլտվություն չունի։ Հետևաբար, երբ ուկրաինական ուժերը հեռահար հրթիռներով կամ անօդաչուներով հարվածներ են հասցնում Ռուսաստանի խորքում գտնվող նավթավերամշակման գործարաններին, այդ գործողությունների ընթացքում Starlink-ը չի գործում։
Starlink-ի շուրջ վեճը ծագել էր Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև դիվանագիտական տարաձայնությունների ֆոնին։ Վեճի պատճառներից մեկը Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ Ուկրաինայի հարվածներն էին։
Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը, բացի Starlink-ի հնարավորությունները սահմանափակելուց, սպառնացել է նաև դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը, եթե ուկրաինական հարվածները չդադարեն։ Թրամփը հերքել էր նաև այդ պնդումը։
Թրամփի խոսքով՝ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները բարձրացրել են համաշխարհային վառելիքի գները։ Սակայն BBC-ի հաղորդմամբ՝ թեև հարվածներն ազդել են շուկայի վրա, այս տարվա գների աճը հիմնականում պայմանավորված է եղել Իրանի պատերազմով։
Միաժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 616 անօդաչու թռչող սարք։ Դրանց հարվածները գրանցվել են Ռուսաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում։
Մոսկվայի աջակցությունը վայելող Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ անօդաչուների հարվածներից առաջացած էլեկտրամատակարարման խափանումների պատճառով սահմանափակումներ են մտցվել էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման հարցում։
Ուկրաինայի իշխանություններն էլ հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանում հրթիռների բաղադրիչներ արտադրող ձեռնարկությանը, քիմիական գործարանին և ռազմական օդանավակայանում գտնվող ինքնաթիռի։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ ուրբաթ օրը Ռուսաստանը 88 ավիահարված է իրականացրել՝ կիրառելով 309 կառավարվող ավիառումբ և 10 270 կամիկաձե անօդաչու։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը