«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․
«Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածի հասարակածային գոտում ջրի մակերևութային ջերմաստիճանի ռեկորդային բարձրացումից բացի, ներկայիս Էլ Նինյոն դրսևորվում է ևս մեկ արտասովոր նշանով՝ օվկիանոսի գույնի փոփոխությամբ։ Երկու տարի առաջ արձակված NASA-ի PACE արբանյակի դիտարկումները ցույց են տալիս, որ մերձհասարակածային գոտու ջրերն ավելի կապույտ են դառնում։ Պատճառը ֆիտոպլանկտոնի՝ ծովային սննդային շղթայի հիմքում գտնվող մանրադիտակային օրգանիզմների քանակի նվազումն է։
Սովորաբար Խաղաղ օվկիանոսի այս հատվածում փչող պասատային քամիները նպաստում են ապվելինգին՝ սննդանյութերով հարուստ սառը խորքային ջրերի վերելքին դեպի մակերևույթ։ Էլ Նինյոյի ժամանակ պասատները թուլանում են, և այդ գործընթացը դառնում է պակաս ինտենսիվ։ Արդյունքում ֆիտոպլանկտոնն ավելի քիչ սննդանյութեր է ստանում, դրա քանակը նվազում է, իսկ օվկիանոսի գույնը՝ փոխվում։
Ֆիտոպլանկտոնի նվազումն անդրադառնում է ամբողջ ծովային էկոհամակարգի վրա՝ մյուս օրգանիզմներին ստիպելով սնվելու նոր տարածքներ փնտրել։ PACE արբանյակի սարքավորումները չափումներ են կատարում տեսանելի, ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրային տիրույթներում՝ հնարավորություն տալով ուսումնասիրել օվկիանոսի մակերևույթի գույնը և գրեթե իրական ժամանակում հետևել ծովային միջավայրի փոփոխություններին։ Ներկայիս ուժեղ Էլ Նինյոն այս արբանյակի դիտարկումների ընթացքում գրանցված առաջին նման երևույթն է»։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը