Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել
Աշխարհ
Ավելի քան 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ մասնակցել են Գերմանիայում անցկացված յոթշաբաթյա զորավարժություններին՝ մշակելով գործողություններ ժամանակակից մարտական սպառնալիքների պայմաններում, ներառյալ անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառումը, հայտնում է Rapporteur-ը։
RHINO TITAN զորավարժություններն անցկացվել են Զեննելագեր ուսումնական վարժարանում։ Դրանց մասնակցել են բրիտանական բանակի արագ արձագանքման ուժեր համարվող Մեծ Բրիտանիայի 16-րդ օդադեսանտային գրոհային բրիգադի ստորաբաժանումները, ինչպես նաև ֆրանսիական ծովային հետևակի 3-րդ պարաշյուտադեսանտային գնդի զինծառայողները։ Զորավարժություններն ընդունող Գերմանիան ապահովել է լոգիստիկ աջակցություն։
«Մեզ առաջադրվել էր ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության իրատեսական խնդիր, և մեզ հակադրվել էր հակառակորդ, որը կիրառում էր անօդաչու սարքեր և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ․ հենց նման հակառակորդի հետ էլ մենք կբախվեինք ժամանակակից մարտի դաշտում», — հայտարարել է 16-րդ օդադեսանտային գրոհային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Էդ Քարթրայթը։
Զորավարժությունների դրվագներից մեկի շրջանակում շուրջ 600 պարաշյուտիստներ մի քանի ալիքով դեսանտավորվել են Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Airbus A400M Atlas տիպի չորս ռազմատրանսպորտային ինքնաթիռներից։ Գործողությունը նաև ցուցադրել է զինծառայողների՝ մասնագիտացված սարքավորումների և պաշարների հետ միասին վայրէջք կատարելու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են վայրէջքից անմիջապես հետո գործողություններ սկսելու համար։
Զորավարժություններին մասնակցել է Մեծ Բրիտանիայի 3-րդ պարաշյուտային գումարտակի (3 PARA) մարտական խումբը, որին աջակցել է ֆրանսիական գնդի մի վաշտ։ Բացի այդ, բրիտանական երեք ծանր տրանսպորտային Chinook ուղղաթիռներ աջակցություն են ապահովել գործողությանը, այդ թվում՝ վիրավորների ընդունման բժշկական կետ օդային տեղափոխումը։
«21-րդ դարի սպառնալիքները պահանջում են պատերազմի վարման ժամանակակից մոտեցում։ Ֆրանսիացի և գերմանացի դաշնակիցների հետ անցկացվող այս լայնածավալ զորավարժությունները ցույց են տալիս, որ մենք ի վիճակի ենք արագ տեղափոխել խոշոր օդադեսանտային ուժեր այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության համար», — հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը։
Բրիտանական ռազմական գերատեսչության տվյալներով, զորավարժությունները նաև միտված էին ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի համատեղելիության բարձրացմանը և ստորաբաժանումների արագ տեղակայման մշակմանը՝ անօդաչուների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների աճող դերի ֆոնին։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը