Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին
Այլ
Աշնանը, երբ սթրեսի մակարդակը բարձրանում է, մարդկանց մոտ ավելի հաճախ է ի հայտ գալիս հոգեսոմատիկ հազ. մի վիճակ, որը հաճախ շփոթում են սուր շնչառական վիրուսային վարակի (ՍՇՎՎ) հետ։ Այս մասին ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցեւը։
Բժշկի խոսքով՝ գոյություն ունեն հազի մի քանի տեսակներ, որոնցից մեկը հոգեսոմատիկ բնույթ է կրում։ Նման դրսևորումները հաճախ են հանդիպում աշնանը, երբ ամառային հանգստից հետո մարդիկ վերադառնում են իրենց աշխատանքային առօրյային։
«Սեպտեմբերին և հոկտեմբերին մարդիկ վերադառնում են աշխատանքի. սկսվում է գործերի ու հոգսերի հորձանուտ, մեծանում է պատասխանատվության բեռը, և մարդիկ սկսում են ավելի ուժգին հազալ։ Երբեմն այս վիճակը քողարկված է լինում. մարդիկ կարծում են, թե մրսած են կամ վիրուսային վարակ ունեն, մինչդեռ իրականում դա հոգեսոմատիկ հազ է», — նշել է Զայցեւը։
Մասնագետն ընդգծել է, որ, ի տարբերություն սուր շնչառական վիրուսային վարակով պայմանավորված հազի, հոգեսոմատիկ հազը չոր է լինում. պարզապես չկա հեղուկի կամ լորձի որևէ աղբյուր։
«Հոգեսոմատիկ հազի դեպքում՝ որքան ավելի է մարդը տագնապում, կամ որքան ավելի է սթրեսի ենթարկվում որևէ բանի պատճառով, կամ էլ կենտրոնանում որոշակի իրադարձության կամ իրավիճակի վրա, այնքան ավելի է ուժգնանում հազը։ Երբ մարդը դադարում է մտածել այդ մասին կամ փոխում է միջավայրը, հազը մեղմանում է և լիովին անհետանում», — ասել է փորձագետը։
Վարակով պայմանավորված հազը սովորաբար անցնում է վիրուսի վերանալուն պես՝ հիմնականում երկու շաբաթվա ընթացքում։ Եթե խնդիրը շարունակվում է, ապա այն կարող է կապված լինել սթրեսի հետ։
«Եթե պացիենտի մոտ չկան վերին ծնոտային սինուսիտի, ռինոսինուսիտի կամ քթըմպանային արտադրության (քթից կոկորդի հետին պատով հոսող արտադրուկի) նշաններ, սակայն բժիշկը նկատում է գրգռվածություն, տագնապային սպասում կամ հուզական անկայունություն, ապա, ամենայն հավանականությամբ, գործ ունենք այսպես կոչված նյարդածին հոգեսոմատիկ հազի հետ», — բացատրել է Վլադիմիր Զայցեւը։
Հոգեսոմատիկ հազն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն գրգռում է ըմպանի հետին պատի լորձաթաղանթը։ Առաջին քայլը բորբոքումն ամբողջությամբ վերացնելն է՝ ապահովելով, որ պացիենտը կարողանա հանգիստ շնչել, սնվել և խոսել։
«Երբ արտաքին գրգռիչը վերացվում է, ուշադրությունը կարելի է կենտրոնացնել ներքին գործոնի՝ հոգեսոմատիկ բաղադրիչի վրա», — եզրափակել է բժիշկը։


















































Ամենադիտված
«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը